Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է 2022 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 1.5-ից դարձնելով 5 տոկոս։ Միջազգային կառույցի կանխատեսման բարելավումը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կողմնակի ազդեցության՝ սպասվածից ավելի մեղմ լինելու հանգամանքով, ինչպես նաև տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսության բարձր աճով։
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բնականաբար պետք է վերանայվեր ցուցանիշը, և Արժույթի հիմնադրամի ներկայացուցիչները հունիսի 20-24-ը համատեղ մեր կառույցների հետ աշխատելով որոշեցին, որ պետք է բարձրացնել սպասվող աճը, և կանխատեսում են մինչև 5 տոկոս տնտեսական աճ: Կարևորագույն բաղադրիչը համարում են Կենտրոնական բանկի և Կառավարության ներդաշնակ աշխատանքը և նաև որոշակի ուկրաինական հակամարտության չափազանցված իրավիճակը, տպավորություն էր, որ շատ ավելի մեծ ազդեցություն կունենա ուկրաինական հակամարտությունը:
Մասնագետների կարծիքով՝ այս փոփոխությունը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանից դեպի Հայաստան բիզնեսների հոսքով:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Բավականին մեծ դրամական հոսքեր կան՝ նաև պայմանավորված այդ տեսանկյունից: Զբոսաշրջության ոլորտը, նորից պատերազմով պայմանավորված, հսկայական մեծ հոսք է ապահովում Հայաստան, և զբոսաշրջության էֆեկտը բավականին բարձր է այս համատեքստում: Դիտարկելով այսպիսի կանխատեսումները, բնականաբար, պետք է բարձրացնեին տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի համար:
Կառույցը հաշվի է առել Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշները, հարկային հավաքագրման տեմպը, նաև բանկային համակարգի կայունությունը:
Սերգեյ Բագրատյան - Այն թափը, որ առաջիկա 5 ամսում մեր տնտեսությունը այլևս ձևավորել է, խոսում է մակրոտնտեսական կայունության մասին: Մասնավորապես՝ դոլարի փոխարժեքը տեսեք՝ համեմատած դրամի հետ, դրամի կայունացման և արժևորման ընթացքը ապացուցում է, որ մենք առնվազն այս փուլում չունենք վալյուտայի պակաս, այսինքն՝ Հայաստանի տնտեսություն ներդրվում են նոր միջոցներ:
Դեռևս տարվա առաջին կիսամյակն է, և այս պահին կանխատեսելի չէ երկրորդ կիսամյակում տնտեսությունում հնարավոր շարժը՝ նշում են մասնագետները:
Սոս Խաչիկյան - Բավականին մեծ կանխատեսումների փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե ռուս-ուկրաինական ճակատում լինեն բեկումնային պահեր: Քաղաքական գործոններով, իհարկե, բավականին շատ գործոններ պայմանավորված են, սակայն միտումը այս պահի դրությամբ դեպի Հայաստան բիզնեսի ներհոսքի, ինչպես նաև դեպի Հայաստան կապիտալի ներհոսքը բավականին մեծ է:
Մասնագետները վստահ են՝ Արժույթի միջազգային հիմնադրամին կհետևեն նաև թե՛ մյուս միջազգային կառույցները, թե՛ Հայաստանի կենտրոնական բանկը՝ վերանայելով մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան