Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 70-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի նիստին և քվեարկությանը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:
Հիշեցնենք՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:
Վարդապետյանն իր թեկնածության քննարկման ընթացքում ներկայացրել է ոլորտի և աշխատանքի վերաբերյալ պատկերացումները, պատասխանել պատգամավորների հարցերին: Հայտնել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու ուշացած արդարադատության խնդիրը:
2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:
2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է: