Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց մինչդատական վարույթում առկա խնդիրների մասին:
«Առաջին խնդիրը, որն իմ ուշադրությանն է զարնել, գործընթացների և ոչ արդյունքի վրա կենտրոնացվածությունն է: Մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով՝ ոչ լիարժեք:
Արդյունքում՝ ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր մինչդատական վարույթում ու դատարաններում, արդյունքում ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր: Դա հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»,- ասաց Վարդապետյանը:
Վարդապետյանը նշեց, որ, օրինակ՝ դատարաններում միջին ծանրության գործերի քննությունը կարող է տևել մոտ 5 տարի:
«Գրեթե նույն խնդիրն ունենք նաև մինչդատական վարույթում, հատկապես փորձաքննությունների մասով: Այս առումով, ես կարծում եմ, որ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները: Դա արդյունավետ դատախազական հսկողությունն է»,- ասաց նա:
Վարդապետյանը խոսեց նաև օրենքի գերակայության մասին՝ անթույլատրելի համարելով հովանավորչությունը:
«Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ:
Եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին՝ առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»,- ասաց Վարդապետյանը: