Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ներկայության և հնարավորությունների ընդլայնման մասին: Նախարարի խոսքով՝ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցում, ինչպես նաև արձագանքելու մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում:
«Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում, վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, և ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին:
Բացի այդ, հետևելով Եվրամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց և Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:
Այս դիվանագիտական ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- նշել է Կանադայի ԱԳ գլխավոր դիվանագետը: