Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական տեղեկություններն էին ստացել, ըստ որոնց՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ ձեռք է բերում տարբեր թմրամիջոցներ և իրացնում։
Քրեական ոստիկանության ծառայողները տեղեկությունները մանրակրկիտ ստուգել են՝ համագործակցելով Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվել ու Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել չորս տղամարդ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը՝ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող հեղուկով, սրվակներ, «B» գրառմամբ սուբուտեքսի կես հաբ, «մեթադոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա ու ծալովի դանակներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել են քրեական գործեր, նշանակվել փորձաքննություններ։
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները փաստել են, որ նրանց թմրամիջոցներն իրացրել էր Նոր Նորքի Մոլդովական փողոցի 40-ամյա բնակիչը։ Նա ևս հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա և գաղտնի փականով 2 դանակ: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 40-ամյա տղամարդու բնակության վայրը։
Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և կշեռք։
Քրեական գործերը ոստիկանությունից փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
40-ամյա տղամարդը կալանավորվել է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։