Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրում են Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Մենք հավատում ենք, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքը՝ Հայաստանի ֆոնդային բորսան ունի ընդլայնվելու և հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ:
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65.03 տոկոսը, Կենտրոնական բանկը կպահպանի 25.02 տոկոս մասնակցություն, մնացած 9.95 տոկոսը Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերն են։
Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսային գլխավոր տնօրեն) - Այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն ֆոնդային բորսայի համար, այլև առհասարակ ամբողջ ֆինանսական համակարգի և կապիտալի շուկայի համար, որովհետև ՀՀ մուտք է գործում աշխարհի ամենակայացած ֆոնդային բորսաներից մեկը:
ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ՔԱՅԼ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԲՈՐՍԱՅԻ ՀԱՄԱՐ. ԴԻԵՏԼ
Վարշավայի բորսայի համար ևս սա շատ լավ հնարավորություն է Եվրասիական տարածաշրջանում զարգանալու տեսանկյունից, ընդգծում է Մարեկ Դիետլը:
Մարեկ Դիետլ (Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ) - Սա անկյունաքարային քայլ է մեր բորսայի համար, եղել են դեպքեր, երբ մենք ներդրումներ ենք արել արտասահմանյան բորսաներում, բայց սա առաջին դեպքն է, երբ բաժնեմասի մեծամասնությունն ենք ձեռք բերում:
Գործարքի արժեքը շուրջ 873 մլն դրամ է, 499 մլն դրամը կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, մնացածը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։
Մարեկ Դիետլ - Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով բավականին լավ դիրք է զբաղեցնում աշխարհում, և մենք այստեղ պարարտ հող ենք տեսնում կապիտալի շուկան զարգացնելու համար: Պատշաճ կարգավորող դաշտ և խթաններ ապահովելու դեպքում Հայաստանը ներուժ ունի դառնալու Եվրասիական տնտեսական գոտու ֆինանսական Շվեյցարիան:
Երկու կողմն էլ վստահ են՝ գործարքը կնպաստի թե՛ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացմանը, թե՛ կօգնի ներդրողին ընդարձակել իր շուկան:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան