Պաշտպանության նախարարությունը մտադիր է մարտական հերթապահությունում չընդգրկել պարտադիր ժամկետային զինծառայողներին: Կենտրոնական հավաքակայանում այսօր հայտարարել է Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը: Սահակ Սահակյանի խոսքով՝ ծրագիրը քննարկման փուլում է, և հնարավորության դեպքում աստիճանաբար անցում կկատարվի այդ համակարգին:
Սահակ Սահակյան (ՀՀ ՊՆ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ) - Մենք ունենք այդպիսի փորձ նաև հայաստանյան հատվածում. 3-րդ բանակային կորպուսում, չասեմ՝ որտեղ է տեղակայված, ժամկետային զինծառայողներն այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահության: Պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք:
Ժամկետայիններին առաջնագծում կփոխարինեն պայմանագրայինները: Գնդապետ Սահակյանը հաստատեց՝ պատերազմից հետո Հայաստանից ժամկետայիններ ծառայության չեն նշանակվում Արցախի պաշտպանության բանակում:
Սահակ Սահակյան - Մեր վերջին զորակոչը՝ 2020 թվականի ամռան զորակոչը, ժամկետային, հուլիսի 1-ից կզորացրվի, մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ըստ դրա՝ պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի ՊԲ թափուր հաստիքները:
Ժամկետային ծառայության կրճատման հարց քննարկվել, բայց որևէ որոշում չի կայացվել: Մինչև Զինված ուժերի անձնակազմի համալրումը նոր պայմանագրայիններով, ուժի մեջ է գործող կարգը. բանակ զորակոչվելիս տղաները 5-ամսյա ուսումնական փուլ են անցնում, այն ավարտելուց հետո տեղափոխվում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ: