ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվել են նախադպրոցական կրթության կենտրոններ:
Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր՝ վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:
Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերանորոգել է համայնքների տրամադրած առանձնացված հատուկ սենյակները, վերանորոգել/հիմնել սենյակին կից սանհանգույցներ, կահավորել կենտրոնները, տրամադրել կրթական և դիդակտիկ նյութեր, գրքեր և խաղեր:
Տեղադրվել են նաև արևային պանելներ՝ նվազեցնելու ջեռուցման և հետևաբար՝ պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դաստիարակները՝ զինվելով երեխաների և հատկապես խառը տարիքային խմբերի հետ աշխատելու նոր մեթոդոլոգիաներով։
Բացի դրանից՝ Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ: Վերանորոգման արդյունքում համայնքը կկարողանալ ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ: