Նոր բնակարանը կահավորելու վերջին աշխատանքներն են, ու Դավիդովների ընտանիքը ավելի քան 30 տարվա դժվարություններից հետո կապրի բարեկարգ պայմաններում:
Նատալյա Դավիդովա (Ադրբեջանից բռնագաղթած) - 33.5 տարի է՝ ապրում ենք հանրակացարանում, բնակարանը 2 ամիս ա՝ գնել ենք: Շատ մեծ խնդիր ա լուծել, քանի որ մեծ ընտանիքով 33,5 տարի ապրել ենք փոքր՝ 42 ք. մ բնակարանում:
Ընտանիքը Ադրբեջանից տեղահանվել է 1988-ին: Նատալյա Դավիդովան միայն ափսոսում է, որ չկարողացան տեղափոխել հարազատների շիրիմները:
Նատալյա Դավիդովա - Ամբողջ մեր ռայոնի մարդկանց տեղափոխել էին Մադրասա գյուղը: 2 շաբաթ որպես գերի պահել են, ոչ դուրս ենք եկել, ոչ սնունդ: Ոչ մի բան հին տնից չունենք, ինչ ունենք, ստեղ ենք ստեղծել: Ապրելու հարմար է, հանգիստ է:
Դեկտեմբերի 3-ին հասել են Հայաստան՝ Լոռի, 4 օր անց երկրաշարժի պատճառով Ստեփանավանի ավերված ժամանակավոր կացարանից տեղափոխվել են Երևան՝ Շենգավիթ: 90-ականներին Ադրբեջանից բռնագաղթած և Շենգավիթում հաստատված ընտանքիներին պետությունը աջակցել է 3-րդ փուլով, հատկացրել բնակարանի գնման վկայագրեր:
Նելլի Դավթյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Երևանում ծրագրով ԲԳՎ տրամադրումն արդեն ավարտվել է, բայց դրանց բոլորի ժամկետները չեն, որ ավարտվել են, դեռ մարդիկ հնարավորություն ունեն բնակարան փնտրելու և առուվաճառքը կազմակերպելու, քանի որ ԲԳՎ իրացման ժամկետը մեկ տարի է:
Կառավարության 2019-ի որոշմամբ՝ Ադրբեջանից գաղթած և ավելի քան 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին պետությունը տրամադրում է բնակարաններ: 2020-2021 թվականներին բնակարանի գնման վկայագիր է ստացել 270 ընտանիք. 200-ը արդեն գնել է բնակարան։ Երևանում ծրագրի բյուջեն կազմել է 3.7 մլրդ դրամ։ Պետությունը տրամադրում է 12-ից 18 միլիոն դրամ բնակարանի գնման համար: Վերջին՝ 4-րդ փուլը մարզերի համար է: 2013-ի տվյալով՝ շահառու է 253 ընտանիք: Այժմ իրականացվում է վերահաշվառում:
Նելլի Դավթյան - Այս տարիներին պատկերը փոխված է լինում, այդ նոր թիվն ենք գեներացնում, որին հաջորդելու են ծրագրի մասին ծանուցումներ, որից հետո շահառուն մեկ ամսում կդիմի, մինչև դիմումը, հանդիպում ենք շահառուներին:
4-րդ փուլի գումարը 1,4 մլրդ դրամ է: 88-ին մոտ կես միլիոն մարդ Ադրբեջանում կորցրեց տունը: Մոտ 360 հազարը տեղափոխվեց Հայաստան, մյուսները՝ նախկին ԽՍՀՄ պետություններ: Տեղահանված հայերը հայրենիքում բնակեցվեցին հանրակացարաններում, հյուրանոցների տարածքներում, և այլ վարչական շենքերում:
Նելլի Դավթյան - Մինչև եկող տարվա ավարտը մենք Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակապահովման խնդիրը կուծած կլինենք Հայաստանում:
Նատալյա Դավիդովա - Ձգտել եմ, որ երեխաներս ապրեն Հայաստանում:
Նոր բնակարանն ամրապնդել է այս համոզումը՝ Նատալյա Դավիդովան կապրի դստեր ընտանիքի հետ: