Ֆրանսիան Ուկրաինային զենք է մատակարարում, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր տարածքները, ոչ թե հարձակվել այլ երկրների վրա: Այս մասին Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Փարիզը կշարունակի ռազմական աջակցություն տրամադրել Կիևին։
«Մենք 12 «Կեսար» հաուբից էինք ուղարկել Կիև, մտադիր ենք ևս վեցն ուղարկել»,- մանրամասնել է Ելիսեյան պալատի ղեկավարը։
Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 4 ամիս, և անհայտ է՝ երբ կավարտվի հակամարտությունը:
«Հուսով եմ՝ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Այդ նպատակով մենք կխստացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ուկրաինան պետք է հնարավորություն ստանա բանակցելու՝ երբ և ինչ պայմաններով ցանկանա: Մենք Կիևի կողքին ենք»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: