Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, հաջողության բանալին երկու երկրների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շեշտել՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ համարժեք աշխատանքներ են տարվում: Սիմոնյանն ու Գորդեևը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների գործակցության դինամիկային:
Քննարկել են նաև գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևորությունը: Պետդումայի փոխխոսնակը հիշեցրել է՝ այս տարին կրկնակի հոբելյանական է՝ Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25- և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ինչը լավ առիթ է երկկողմ գործակցությանը նոր զարկ տալու համար:
ՀՀ-ՌԴ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԶԱՐԳԱՆԱՆ
Ռուսական պատվրակությանն ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում գործակցությունը, նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը: Անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում գործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին:
Ալեքսեյ Գորդեև (ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ) - Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է տարբեր ոլորտներին առնչվող 200 պայմանագիր, բայց այսօր մենք քննարկում էինք՝ ինչպես զարգացնել այդ պոտենցիալը: Մենք ունենք առևտրաշրջանառության աճ՝ ընթացիկ տարում վստահություն կա, որ առաջիկայում կհասնենք նրան, որ առևտրաշրջանառությունը տարեկան ցուցանիշը կհասնի 3 մլրդ դոլարի:
Պետք է նաև օգտագործել կրթական ու գիտական ոլորտների ներուժը, ստեղծել գործակցության արդյունավետ շղթա՝ ընդգծել են կողմերը: Քննարկել նաև Լարսում նոր հսկիչ անցագրային կետի հարցը, որի բացումը հնարավորություն կտա ավելացնել ապրանքային հոսքի ծավալները:
Ալեքսեյ Գորդեև - Մենք քննարկել ենք նաև ապրանքների փոխադարձ հավաստագրման հարցը Ռուսատանի և Հայաստանի շուկաներում, որ կարողանանք դրանք ընկալել որպես հայրենական արտադրության ապրանքներ: Առանձին քննարկման հարց են ներդրումները: Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները կազմում են 40 տոկոս, այսինքն՝ մեր բիզնեսն արդեն իսկ լրջորեն ներկա է այստեղ, բայց ցանկություն կա փոխել այդ ներդրումների որակը և նախևառաջ տեղափոխվել ապրանքների համատեղ արտադրության հարթություն, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի շուկաներում վաճառելու համար, այլև դուրս գալ երրորդ երկրների շուկաներ:
Ռուսական պատվիրակությունը այսօր կայցելի նաև Թումո տեխնոլոգիական կենտրոն, վարդերի խոշոր ջերմոց: Վաղը հանդիպումներ են նախատեսված ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի և Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ: