Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները շարունակում են աշխատել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչուների արտադրության գործարանի կառուցման նախագծի շուրջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը:
«Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայում «Բայրաքթարների» արտադրության համատեղ գործարան կառուցելու վերաբերյալ։ Այժմ շարունակվում է հաղորդակցությունը Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների միջև, և մենք շարունակում ենք աշխատել գործարանի կառուցման նախագծի ուղղությամբ։ Սրանք միջնաժամկետ հեռանկար ունեցող ծրագրեր են: Եվ դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Ռեզնիկովը:
Նա հավելել է, որ փետրվարի 24-ից ի վեր՝ Կիևին է փոխանցվել մոտ 50 հարվածային անօդաչու թռչող սարք, ևս մի քանիսը պետք է փոխանցվեն հուլիսին: