ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԱՐՏԱԴՐՈՂ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները շարունակում են աշխատել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչուների գործարանի կառուցման նախագծի շուրջ՝ տեղեկացրել է պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը:
«Այդ հարցում արդեն սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Ռեզնիկովը, հավելել՝ փետրվարի 24-ից ի վեր Անկարան Կիևին է փոխանցել մոտ 50 անօդաչու սարք, ևս մի քանիսը պետք է մատակարարվեն հուլիսին:
Ավելի վաղ թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել էր Ուկրաինային երեք անվճար անօդաչուներ տրամադրելու մասին, որոնք գնելու համար Ուկրաինայում դրամահավաք էր հայտարարվել։ Լրատվամիջոցների տվյալով՝ սարքերի արժեքը գնահատվում է 15 մլն դոլար:
ՓԱՐԻԶԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿԻԵՎԻՆ
Ֆրանսիան Ուկրաինային զենք է մատակարարում, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր տարածքը, ոչ թե հարձակվի այլ երկրների վրա, Յոթնյակի խմբի գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնը նաև վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի ռազմական աջակցություն տրամադրել Կիևին առաջիկա ամիսների ընթացքում։
«Մենք Կիև 12 «Կեսար» հաուբից էինք ուղարկել, մտադիր ենք ևս 6-ն ուղարկել», - մանրամասնել է Ելիսեյան պալատի ղեկավարը։
Նա մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 4 ամիս, և անհայտ է՝ երբ կավարտվեն:
«Հուսով եմ՝ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Այդ նպատակով մենք կխստացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ուկրաինան նաև պետք է հնարավորություն ստանա բանակցելու՝ երբ և ինչ պայմաններով ցանկանա. Կիևի կողքին ենք», - ընդգծել է նախագահը:
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, տեղեկացրել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Ջո Բայդենը նշել է, որ անհամբերությամբ սպասում է նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի հունիսի 28-30-ին նախատեսված գագաթնաժողովին, որի շրջանակում երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում, դաշինքին սպառնացող վտանգները: Նշվում է, որ գագաթնաժողովին պատմական որոշումներ կկայացվեն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության և անվտանգության ամրապնդման վերաբերյալ, կդիտարկվի կառույցին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «այո՛» չի ասի հյուսիսային երկրների՝ դաշինքին միանալու նախաձեռնությանը, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը և վերացրել Թուրքիայի դեմ զենքի մատակարարման էմբարգոն։
ՊՈՒՏԻՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի նախագահի հրավերը՝ մասնակցելու նոյեմբերի 15-16-ը Բալի կղզում կայանալիք «Քսանի խմբի» գագաթնաժողովին. ինչ ձևաչափով կմիանա Կրեմլի ղեկավարը հանդիպմանը՝ դեռևս չի նշվում:
Ավելի վաղ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԳԱՐՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Աշխարհում պարենային ծանր իրավիճակի ֆոնին Վրաստանի իշխանությունները հուլիսի 4-ից 1 տարով կարգելեն երկրից ցորենի և գարու արտահանումը՝ կանխելու հացահատիկի դեֆիցիտը։
Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ վրացական գարին հիմնականում արտահանվում է Իրաք և Իրան։ Վրաստանն ակնկալում է այս տարի 60 հազար տոննա գարի հավաքել։
Երկրում տարեկան մշակվում է մոտ 130 հազար տոննա ցորեն. սա հացահատիկի սպառման ընդհանուր ծավալի մեկ հինգերորդ մասն է, մնացածը ներմուծվում է այլ երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից։