ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով:
Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը համալրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների կազմը` դառնալով առաջատարներից մեկը: Հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ` թեկնածուն մշտապես աչքի է ընկել չափազանց բարձր պատասխանատվության զգացումով, ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային, արժեքային դիրքորոշումներ` կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման և արդարադատության հեղինակության բարձրացման հետ:
«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել դատախազական համակարգի կայացման, զարգացման և հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարևոր բարեփոխումները»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում և արդյունքում:
«Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի: Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետևաբար, նաև ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Նրա նպատակներից է` ներդնել իր գիտելիքներն օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը` նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում և առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:
«Դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ` արդարադատություն վերականգնող, պահանջող: Սա պետք է լինի այն պատգամը, որով պետք է առաջնորդվեք»,- ելույթում նշել է Վլադիմիր Վարդանյանը:
Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է և կանխորոշում է իրավական կյանքի զարգացման օրինաչափություններն ու ուղենիշները:
«ԱԺ-ն ընտրելու է գլխավոր դատախազ բարդ քաղաքական իրավիճակում, մեր պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազի մասնագիտական գործունեությունից ակնկալիքները չափազանց շատ են, իսկ քրեական արդարադատության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը` անբնական ծանր: Դատախազության դերն ու նշանակությունը իրավապահ համակարգում բացառիկ է»,- նշել է Հովհաննես Քոչարյանը:
Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դրական գնահատականների համար, հավաստիացրել, որ աշխատելու է ուժերի գերլարումով:
Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: