ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ:
Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատվությունների նախնական արդյունքները:
Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներից բացի, պատվիրակները 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում ներկայացնելու են կրթության զարգացման լավագույն փորձը։ Թեմատիկ քննարկումները ծավալվելու են ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցների, ուսուցիչների, մասնագիտական ուսուցման, աշխատանքի և կայուն զարգացման հմտությունների, թվային ուսումնառության, կրթության ֆինանսավորման խնդիրների շուրջ:
Քննարկման արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին ընդառաջ, կրթության փոխակերպման ազգային հանձնառությունները մշակելու նպատակով անդամ երկրները պետք է նախաձեռնեն ազգային ներառական խորհրդակցություններ՝ բոլոր ոլորտների և գործընկերների ներգրավմամբ: Ստեղծվելու է հարթակ երեխաների, երիտասարդների, ծնողների և ուսուցիչների համար՝ իրենց տեսակետները լսելի դարձնելու նպատակով: Սա հնարավորություն է տալու միավորելու կրթության համակարգը վերափոխելու ջանքերը` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և շահառուներին:
Նախապատրաստական գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային խնդիրներին առնչվող կրթության փոխակերպման թեմատիկ քննարկումներ, որոնցից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանը մշակել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովում ներկայացվող հարցերի նախնական բովանդակությունը:
Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են հետևյալ սկզբունքներով՝ մոբիլիզացնել գործողությունները, գտնել լուծումներ՝ նպատակ ունենալով վերափոխել կրթությունը մինչև 2030 թվականը:
Յուրաքանչյուր երկիր հանձնառու է լինելու ժամանակակից մարտահրավերների պայմաններում (տարատեսակ համավարակներ, գլոբալ կլիմայական ճգնաժամ, արագ տեխնոլոգիական փոխակերպում և այլն) ապահովել որակյալ կրթություն և ցկյանս ուսուցում:
Հունիսի 29-ին նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ելույթը փարիզյան գագաթնաժողովում:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։
Հանդիպումների ընթացքում Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները։
Քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրման առնչվող հարցեր։
Ստեֆանիա Ջիանինին և Դոն Լինչը կարևորել են Հայաստանում կրթության ոլորտի փոփոխությունները, վերահաստատել իրենց պատրաստակամությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: