Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Լեհ պատվիրակները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Մարչին Փշիդաչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: