Ջուր կա, ճնշումը բավարար է, բայց խմելու համար պիտանի չէ՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների գանգատն է: 3 շաբաթից ավելի է՝ էրեբունցիները ահազանգում են՝ ջրից համ է գալիս:
Սվետլանա Տիգրանյան (Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ) - Լցնում ենք բաժակի մեջ, տակը նստվածք է սպիտակ, չգիտենք ինչ ծագում ունի այդ նստվածքը, իսկ համի մասին էլ չեմ խոսում՝ դառնահամ է:
Աննա Մկրտչյան (Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ) - Ջուրը գնում ենք, որովհետև ունենք փոքր բալիկ, չեմ գտնում, որ ջուրը խմելու համար պիտանի է: Ճաշ պատրաստելու համար նախօրոք դնում եմ սառնախցիկում, սառում ա հետո հետ ա գալիս, նոր օգտագործում ենք ճաշի մեջ:
Մինչև ամառ Էրեբունու ջուրը լավն է՝ ասում են բնակիչները՝ Գառնիի սառը ջուրն է, բայց ամռանը ստիպված են լինում ծորակի հոսող ջրին այլընտրանք փնտրել: Բնակիչները տագնապած են, որովհետև լսել են անգամ աղիքային հիվանդության դեպքերի մասին:
Սվետլանա Տիգրանյան - Ես ծանոթ ունեմ, երեխան հիմա պառկած է ինֆեկցիոն հրվանդանոցում, պատճառը ջուրն է:
Բնակիչներից մեկը հարակից դեղատան աշխատակցի ֆեյսբուքի գրառումն է կարդում:
Նաիրա Խաչատրյան (Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ) - Արդեն մեկ շաբաթ է, որ ինձ մոտ գալիս են տարբեր տարիքի մարդիկ և երեխաներ՝ հետևյալ գանգատներով՝ փորացավ, կծկումներ, որովայնի շրջանում փորլուծություն, ջերմություն, հատուկ հարցեր եմ տալիս մասնագիտական, որ դիագնոզը տամ, բայց բոլորը միաբերան ասում են, որ ջրից է:
Խնդիրը միայն Էրեբունիում չէ, գանգատներ կան նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վեոլիա ջուր» ընկերությունը «Լուրեր»-ի հարցմանը գրավոր պատասխանեց: Պարզաբանում են՝ համակարգում մատակարարվող ջուրը ստացվում է 133 աղբյուրից` մեծ մասամբ փակ լեռնային աղբյուրներից, որոշ դեպքերում գետերից կամ արտեզյան ավազանների խորքային հորերից: Այս պարագայում ջրի որակը որոշակի զիջում է լեռնային աղբյուրների ջրի որակին, բայց համապատասխանում է սանիտարական կանոններին և նորմերի պահանջներին՝ հայտնում են «Վեոլիայից»:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ - Շոգ եղանակին, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, դրա մեջ տարրալուծված հանքային նյութերի համն ավելի սուր է զգացվում՝ շփոթության մեջ գցելով սպառողներին և առաջացնելով նրանց դժգոհությունը: Հարկ է նշել նաև, որ մակերևութային գետերի ջրերը սպառողներին մատակարարվելուց առաջ նախնական մշակում են անցնում ջրի մաքրման կայաններում, իսկ խորքային հորերի դեպքում խոսքը ջրի որոշակի կոշտության մասին է, որը չի գերազանցում սահմանված մակարդակը:
Ըստ ընկերության՝ շոգ եղանակներին ջրօգտագործման ծավալները մեծանում են, ավազաններում հավաքված լեռնային ջրերը չեն բավարարում, այդ պատճառով ամռանը որոշ հատվածներում բաժանորդներին հասնում է արտեզյան խորքային հորերի ջուրը:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ - Ամռանը, ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված, որոշակի քանակի խորքային հորերի ջուր է տրվում նաև Երևանի՝ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առանձին հատվածների: Ընդ որում՝ աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Սակայն դրանց հաջող ընթացքը պայմանավորված է նաև մեզանում խմելու ջրի օգտագործման մշակույթով: Գաղտնիք չէ, որ ամռանը, ջրի զգալի մասը, նույն սպառողների կողմից ուղղվում է ոռոգմանը, ինչը ստիպում է անցնել խորքային հորերի ջրերին:
«Վեոլիա ջրից» վստահեցնում են՝ խմելու ջրի որակի հսկողությունը իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Ջրի նմուշառումներն ամեն օր հանձնում են լաբորատորիաներ, հետազոտությունների արդյունքում սանիտարական կանոնների և նորմերի շեղումներ չեն արձանագրվել: