ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունիսի 28-ին վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Հայկական կողմից առցանց հանդիպմանը ներկա է եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Ողջունելով գործընկերներին և հաստատելով օրակարգը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ աշխատանքային առցանց հանդիպման նպատակն է համակարգել միասնական դիրքորոշում մի շարք հրատապ հարցերում (միջազգային քաղաքականության և անվտանգության, փոխադարձ աջակցության)՝ հաշվի առնելով հետաքրքրություններն ու պետությունների պարտականությունները ՀԱՊԿ շրջանակում:
Նշվել է, որ անցյալ տարի Հայաստանն ընդունել է ՀԱՊԿ նախագահությունը: Հայկական պատվիրակությունն արտահայտում է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կամքը՝ շարունակելու պարբերաբար հանդիպումների պրակտիկան ԵԱՀԿ ԽՎ-ի դաշտում:
Նշվել է նաև, որ հունիսին Երևանում տեղի է ունեցել մի քանի նշանակալի միջոցառում՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի կոմիտեի քարտուղարների նիստերը:
Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ տարբեր ձևաչափերում մանրամասնորեն քննարկվել են կազմակերպության հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը:
«Մենք խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինենք բարձր նշաձողին և մեր միացյալ ջանքերով կլրացնենք եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ՝ դրանով իսկ բարձրացնելով ՀԱՊԿ ԽՎ-ի ներդրումը մեր երկրների բազմակողմանի փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայմանը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն ու հավելել, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:
Էդուարդ Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն առաջիկա ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում՝ Բիրմինհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Մենք առաջարկել ենք ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական և անվտանգության հարցերով և Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումինատար հարցերի կոմիտեների բանաձևերի նախագծերը լրացնել կետերով, որտեղ ուշադրություն ենք հրավիրում չլուծված հունիտար հարցերին, այն է՝ անհապաղ ազատումն ու վերադարձը բոլոր պահվող հայ անձանց, ինչպես նաև հայկական մշակութային և եկեղեցական ժառանգության պահպանմանն այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացմանը»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Սպառելով օրակարգային հարցերը՝ առցանց հանդիպումն ավարտվել է: