Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Աշոցք համայնքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ կառոցվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայաններից 2-ը՝ Գյումրիում և Ախուրյանում, շահագործման են հանձնվել 2021 թվականին, Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։
Պատասխանատուներն այցելել են նաև Ամասիայի հրշեջ փրկարարական կենտրոն, ծանոթացել առկա իրավիճակին ու խնդիրներին։ Այցի շրջանակներում, լինելով Գյումրու և Ախուրյանի կենտրոններում, պատասխանատուները հավաստիացել են, որ առկա պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, ջոկատները համալրված են ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով»,- նշված է գրառման մեջ: