ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ:
Իլս Բերտելսին, ընդունելով Աննա Հակոբյանին, ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գործունեությունը ունի շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։
Վարչապետի տիկինը «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվել է հնարավորինս արագ քննարկել համատեղ ծրագրերի վերաբերյալ համագործակցության մանրամասները, ապա հրավիրել արդեն սեպտեմբերին ամսին Հայաստանում քննարկելու և առարկայականացնելու հնարավոր ծրագրերը: Հրավերը սիրով ընդունվել է Իլս Բերտելսի կողմից:
Վարչապետի տիկինը Մոնակոյում հանդիպել է նաև «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Ժերոմ Ֆրուասարի հետ, ով Աննա Հակոբյանին ծանոթացրել է կազմակերպության գործունեության մանրամասներին։
Նրա խոսքով՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պատվավոր նախագահությամբ գործող հիմնադրամը տարեկան աջակցություն է տրամադրում շուրջ 40 հազար երեխաների, որպեսզի նրանք անկախ իրենց սոցիալական, կրոնական կամ մշակութային ծագումից, կարողանան ապրել ապահով և արժանապատվորեն։
Վարչապետի տիկինը իր հերթին հիմնադրամի նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» և City of Smile հիմնադրամների գործունեությունը։ Աննա Հակոբյանը և Ժերոմ Ֆրուասարը քննարկել են հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել են սկսել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթները և հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։