ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիտպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակից և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:
Այս առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների կողմից կոնկրետ ծրագրերի ու գաղափարների քննարկումն ու իրականացումը, երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնումը:
Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի դերը Հայաստանի ու Եգիպտոսի փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ նրա ջանքերը նոր արդյունքներ կտան:
Իր հերթին, Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել փոխշահավետ նախագծերն ու դրանց իրականացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ: