Այս շաբաթվանից Լամբադա կամրջի տակի տրանսպորտային հանգույցում նոր ուղղություն է փակվել։ Վարորդներն առաջիկայում չեն կարողանա Ազատության պողոտայի վերին հատվածից Կոմիտաս մտնել։ Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը Դավիթ Անհաղթ փողոցը կապող երկու տեղամասում ավարտել, անցել են մյուս կողմն ու սկսել երրորդ հատվածը քանդել՝ ներկայացնում է շինարարական կազմակերպության ինժեները։
Հարություն Թադևոսյան («Բիլդեր քոնսթրաքշն» ընկերության ինժեներ) - Ասֆալտի շերտից մինչև բետոնի քանդման աշխատանքներ ենք կատարում, դրանից հետո ջրամեկուսացման աշխատանքը պետք է կատարենք, հետո՝ ասֆալտապատումը: Գրաֆիկով նախատեսված է 20-25 օր:
Երթևեկության համար կարևոր այս խաչմերուկը ապրիլի 1-ից, կարելի է ասել, մեքենաներին մասամբ է սպասարկում, քանի որ նորոգվող ուղղությունից կախված՝ տրանսպորտի հոսքը տվյալ գծերում ժամանակ առ ժամանակ արգելվում է, դառնում խցանման պատճառ։ Իրենց համար են ասֆալտը թարմացնում՝ սփոփվում է ղեկին նստողների մի մասը, մյուսները ազդանշաններ են տալիս-նյարդայնանում։
Որպեսզի խցանումները շատ երկարատև չդառնան, վարորդները ճանապարհային որոշ նշաններ անտեսել, Կոմիտասից ոչ միայն ներքև են իջնում, այլև՝ ուղիղ քշում։ Կառուցապատման գոտին շրջանցում է նաև տվյալ երթուղով անցնող քաղաքային տրանսպորտը։
Ասֆալտը հիմքից փոխելուն զուգահեռ՝ ամբողջությամբ նորացվել է տրանսպորտային հանգույցի արտաքին երեսպատումը։ Բազալտե սալաքարերի մեծ մասը և՛ կողային հատվածներում, և՛ գետնին մեծամասամբ թափված էին՝ հին ֆոտոներն է ցույց տալիս շինարարական աշխատանքների տեխհսկիչը։
Պողոս Մովսիսյան («ՀՏ Պրոյեկտ» ընկերության տեխհսկիչ) - Լրիվ թափված էին, էրևի մինչև 60 տոկոսը:
Վերևի գործը ասֆալտ-ջրամեկուսացումով ամբողջությամբ ավարտելուց հետո, երբ վստահ լինեն, որ տեղումներից հետո գետնանցումի առաստաղն այլևս չի թրջվի, բանվորները կլրացնեն նաև ներսի հատվածի թափված սալիկները։ Հիմա դեռ մի քանի տեղ միայն բետոնի քայքայված սալերն են վերականգնել։ Հեղեղատարը կեղտով այնքան խցանված ու խողովակաշարը ջարդված է եղել, որ նորն են անցկացնում։
Մայիս Մանուկյան («Բիլդեր քոնսթրաքշն» ընկերության աշխատակից) - Հինը սաղ խցանված, վարի գնացած ա, փոխում ենք:
Սելավատար, երեսպատում, կոնստրուկցիայի ուժեղացում, ասֆալտ: Տրանսպորտային հանգույցը շինարարները խոստանում են հետիոտնին ու վարորդներին հանձնել կապիտալ նորոգած։ Այս ծրագրով, ի դեպ, որևէ աշխատանք նախատեսված չէ բուն «Լամբադա» կամրջի վրա։