Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանին հարց ուղղեցին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ:
«Հակակոռուպցիոն գործընթացի վերաբերյալ պահանջները տարիներ շարունակ մեր պետության առջև դրված են եղել միջազգային կառույցների կողմից: Տարիներ շարունակ ՀՀ-ին առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ: Այդ մեխանիզմներից է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիաիրավական բռնագանձումը: Ճիշտ է, միջազգային ստանդարտը չի պարտադրում ընդունել քաղաքացիաիրավական բռնագանձումը, սակայն թույլ է տալիս նման միջոցներ ունենալու, երբ կա խնդիր գույքի բռնագանձման քրեաիրավական ճանապարհով»:
Նրա խոսքով` քաղաքացիաիրավական բռնագանձումը չի հակասում միջազգային ստանդարտներին, և այն բավականին լայն կիրառություն ունի անգլոսաքսոնական երկրներում:
Լիզա Գրիգորյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: