Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը 2020 թվականից առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռնարկատեր, իրավաբան:
Զեյնալյանը նաև «Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգողն է:
2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2018-2019 թվականներին Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարն էր:
Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանն ընդգծեց Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը:
«Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը:
Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի:
«Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա:
Զեյնալյանը հարկ համարեց պատգամավորներին հայտնել, որ հավասարապես պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում:
«Պայմանավորված իրերի այս դասավորությամբ՝ այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,- ասաց Զեյնալյանը: