Տավուշի մարզի դպրոցները ամփոփել են կրթական նոր չափորոշիչի առաջին փուլի արդյունքները; Մարզի 82 դպրոցների մոտ 500 ուսուցիչներ և վարչական ղեկավարներ էին մասնակցում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Եվրամիության և ՀԲ-ի ֆինանսավորմամբ Դիլիջանում կայացած ամփոփիչ հավաքին:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ամենակարևոր արդյունքը, որ կարող ենք ամրագրել այսօր, այն է, որ կա փոփոխություն, որ չափորոշիչի այդ հնարավորությունները և մոտեցումները ըմբռնված են, և դրանց մասին արդեն վերլուծության և մտածելու նոր ձևեր են ձևավորվում, և ես վստահ եմ, որ այն լավ արդյունքները առաջին փուլի համար, որ ունենք, իր բոլոր դժվարություններով հանդերձ, մեզ թույլ է տալիս ասել, որ կունենանք նաև հաջողություն վերջում:
Մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում անցած ուսումնական տարեսկզբից չափորոշիչի փորձարկման մեկնարկին նախորդել էր մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, «Կրթության զարգացման ազգային կենտրոն» և «Այբ» կրթական հիմնադրամների օժանդակությամբ վերապատրաստվել են 900-ից ավելի հումանիտար և բնագիտական առարկաներ ու մաթեմատիկա դասավանդող ուսուցիչներ, նաև տնօրենները և փոխտնօրենները, իսկ ուսումնական ամբողջ տարին ուղեկցվել է մենթորական աջակցությամբ, պարբերական դասալսումներով, դասավանդման մոնիթորինգով:
Արտաշես Թորոսյան («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար) - Հիմնական խնդիրն էր, որ ուսուցիչը ճանաչի կարողունակությունները, վերջնարդյունքները: Էականորեն փոխվեց դասի պլանավորման եղանակը, հիմա փոփոխություններ ենք անում ոչ միայն մենք, այլև՝ ուսուցիչները: Բոլոր ուղեցույցները, որոնք օգնում են ուսուցչին, մշակված են հենց ուսուցիչների մասնակցությամբ:
Նաիրա Մարգարյան («Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար) - Սկիզբ է առել այն ճանապարհը, որտեղ ուսուցիչը չի վախենում փոխվել, չի վախենում սխալվել, աշակերտների հետ քննարկել և իր ուսուցչակենտրոն դերը փոքր-ինչ զիջել աշակերտներին, օգնել նրանց կապել կրթությունը կյանքին:
Ուսուցիչները խոստովանում են, որ փոխվել են ոչ միայն իրենք, այլև՝ աշակերտները:
Սուսաննա Ամիրխանյան (Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի դպրոցի ուսուցիչ) - Այսօր մեր երեխաները ավելի ազատ են ստեղծագործական, մտքի արտահայտման, խոսքի ունակության զարգացման, մեդիագրագիտության բոլոր ոլորտներում:
Ուսումնական տարին հագեցած էր և՛ աշխատանքի, և՛ դպրոցը տեխնիկապես զինելու, հատկապես աննախադեպ ծավալի լաբորատոր նոր սարքավորումներով հագեցնելու առումով՝ ասում են տնօրենները:
Արմինե Հակոբյան (Նոյեմբերյան համայնքի Այրումի դպրոցի տնօրեն) - Կմեծացնի հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ, որը խիստ կարևոր եմ համարում: Ֆիզիկայի դասավանդման ընթացքում 7-րդ և 10-րդ դասարաններում զգալի ավելացել է գործնական աշխատանքների քանակը, որը ավելի ակտիվացրել է աշակերտներին, նաև մեծ նորությունը դպրոցների համար նախագծային աշխատանքներն են:
Նոր դասագրքերին, ուսուցիչների վարձատրությանն առնչվող փոփոխություններին կգումարվեն կրթական գերատեսչության նոր նախաձեռնությունները, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի, ուղղված կլինեն ընդհանրապես ուսուցիչների աշխատանքի և մասնագիտության գրավչության բարձրացմանը: Գործընթացի ակտիվ մասնակիցներն էլ արժանացան նախարարության շնորհակալագրերին: