Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրն է: 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35-ամյակը։ Հատուկ հյուրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է:
Հիմնադրումից մինչև ավանդույթներ: Վարժարանի ձեռքբերումները շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացրեց համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանը: Նշեց՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում են նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։
Համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկումից հետո մեկնարկեց 35-ամյակի հատուկ միջոցառումը:
Եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքը իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է՝ իր ելույթում շեշտեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Երբ Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: Պարսամյան վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն:
Շնորհակալություն հայտնելով հիմնադիր բարերարներին՝ հույս հայտնեց, որ մշտապես օրակարգում կմնան հայկական թեմաները, ու դրանք կքննարկվեն մայրենի լեզվով:
Պատգամավոր Էրիկ Սիոտտին էլ խոստովանեց՝ 2018 թվականին ուշի ուշով հետևում էին Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Շեշտեց՝ այն, ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր:
Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին խոսեց նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին: Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին էլ խոստովանեց՝ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:
Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ հաջորդ ջերմ հանդիպումը կկազմակերպեն Երևանում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան