ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է G7 ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Գերմանիայում շարունակվում է «Մեծ յոթնյակի» երկրների գագաթնաժողովը, որն այս տարի նվիրված է Ուկրաինային և ռազմական գործողության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը:
G7-ի երկրներից ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան հայտարարել են ռուսական ոսկու ներմուծումն արգելելու մտադրության մասին։ Գագաթնաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային ղեկավարներին կոչ է արել միջոցեր ձեռնարկել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար։
G7-ի առաջնորդների գագաթնաժողովին տեսակապի միջոցով միացել է նաև Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները:
ՊԵՍԿՈՎԸ՝ ՌԴ-ԻՑ ՈՍԿՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Գագաթնաժողովի հնչած կոչերին ու հայտարարություններին հետևում է պաշտոնական Մոսկվան: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանում ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում գագաթնաժողովի շրջանակներում: Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Արևմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնությունից ոսկու ներմուծման սահմանափակման սպառնալիքին, հայտարարել է, որ եթե որևէ շուկա կորցնում է իր գրավչությունը, հայտնվում են այլընտրանքներ՝ ավելի նպատավոր տնտեսական ռեժիմով:
«Արտարժութային պարտավորությունների մասով դեֆոլտի վերաբերյալ պնդումներին Մոսկվայում համաձայն չեն»,- այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ ռուսական պարտատոմսերի արևմտյան սեփականատերերը հերթական վճարումները չեն ստացել։
«Դեռ մայիս ամսին այդ վճարումները կատարվել են։ Եթե այդ միջոցները ինչ-որ տեղ սառեցվել են և չեն հասել հասցեատերերին, դա արդեն մեր խնդիրը չէ»,- հայտարարել է Պեսկովը։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԲԱՔՎԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հանդիպումն անցկացվում է երեք երկրներին հետաքրքրող հարցերի շուրջ առկա համակարգման և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա տարածաշրջանային կապերի ամրապնդման նպատակով։
Կողմերը քննարկել են եռակողմ և տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք «Միջին միջանցքի» ներուժի ավելացման, երեք երկրների համագործակցությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր:
Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը:
ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ. ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները անուղղակիորեն կանցկացվեն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներից մեկում:
Պարզաբանելով արտաքին քաղաքականության ոլորտում վերջին զարգացումները՝ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ ամերիկացիները չեն հարգում երկրների ինքնիշխանությունը, ոչ էլ ահաբեկչական խմբավորումներն են իրենց համար կարևոր. նրանց համար առաջնային են միայն կուսակցական և անձնական շահերը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ առաջիկա մի քանի օրերի բանակցությունները վերաբերում են ոչ թե Իրանի միջուկային ծրագրի չափերին, այլ միայն պատժամիջոցների չեղարկման ոլորտում մնացած մի քանի հարցերի շուրջ վիճելի կետերին։