Սպառողին ավելի շատ հայտնի իտալական տափակ դեղձի տնկիները Հովտաշատի կլիմային արդեն ընտելացել են: Այգետերն ակնկալում էր, որ այս տարի ոչ միայն դեղձի, այլև կեռասենու ու ծիրանենու տնկիների բերքը պետք է տեսնի, սակայն մայիսյան ցուրտ եղանակի պատճառով ծաղկած ծառերը բերք չտվեցին: Հոգ չէ, ասում է այգետերը, կարևորը՝ անցած տարվա տնկիները ընտելացել են մեր կլիմային:
Արամ Մարգարյան (այգետեր) - 5 հեկտար կեռաս, 3 հեկտար ծիրան, 2 հեկտար տափակ դեղձ, էս պահին ընդլայնում ենք մեր այգու չափերը, կառուցում ենք նորից՝ 10 հեկտարի չափով ինտենսիվ այգի:
Հողագործության նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ու գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը մասնագիտությամբ տնտեսագետ Արամի մոտ նոր բիզնես գաղափար ծնեցին՝ ինչու ինտենսիվ այգի չհիմնել խորհրդային տարիներից մինչև օրս չմշակվող Հովտաշատի հողերում: Կգա օր, որ պետական ծրագրերը չեն լինի, քանի դրանք կան՝ օգտվել է պետք: Հայաստանում հիմնվող այգիները կմնան՝ վստահ է Արամը: Այս տարի նախատեսել են եղած 10 հեկտարին ևս 10-ն ավելացնել:
Արամ Մարգարյան - Էլի 5 հեկտար կեռաս, 3 հեկտար դեղձ, 2 հեկտար սալոր:
Բացի նոր հեկտարներից, պետական աջակցության ծրագրերով մինչև 5 հեկտարի վրա զուգահեռ կառուցելու են սառնարանային տնտեսություն, չրանոց:
Արամ Մարգարյան - Առաջին 10 հեկտարը իմ միջոցներով կառուցել ենք, հետո 50 տոկոսը հետ եմ ստացել պետությունից, իսկ նոր 10 հեկտար այգին, որ կառուցում եմ, օգտվել եմ նորից էլի պետական աջակցությունից՝ 0 տոկոս վարկից:
Ոչ միայն Հովտաշատում, այլև Արարատի մարզում, կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների, խելացի անասնաշենքերի ու, ընդհանարապես, պետական աջակցությամբ սուբսիդավորվող 10 ծրագրերից օգտվողներ կան: Թեև ինտենսիվ այգիների հեկտարները վերջին տարիներին ավելացել են 275, նոր տեխնոլոգիաներով ջերմոցները՝ 240 հեկտարով, սակայն ֆերմերները բիզնեսում համարձակ չեն՝ ասում է մարզի գյուղվարչության պետը:
Հայկազ Տերտերյան (Արարատի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Կան նաև գյուղացիներ, որ ունեն կարծրատիպեր, վախենում են օգտվել ծրագրերից, շատ-շատ ծրագրերում կարող են ընդգրկվել, այս տարի, տեսաք, որ սուբսիդավորեցին մինչև 9 հազար դրամ մեկ պարկ պարարտանյութը:
Մարդիկ կարծես ոգևորված են կաթիլային ոռոգման պետական աջակցության Կառավարության վերջին ծրագրից՝ մինչև 3 հեկտար հողակտորներում կաթիլային և անձրևացման համակարգով ոռոգման առաջարկից, որի դեպքում ֆերմերն ազատվում է ջրի վարձավճարից: Սակայն այս մասով էլ գյուղացիները համարձակ չեն, մարզպետարանում ընդամենը 5 դիմում են ստացել: