ԿԻԵՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինային անհրաժեշտ են ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական հրթիռներին դիմագրավելու համար՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Իր ելույթում Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակից երկրների ու գործընկերներին ավելի արագ շարժվելու, «եթե նրանք իսկապես գործընկերներ են, ոչ թե պարզապես դիտորդներ»։ Զելենսկին հույս է հայտնել, որ Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի ղեկավարների հանդիպումը կարող է կասեցնել ռուսական «ագրեսիան»:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է G7 ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Գերմանիայում շարունակվում է G7 երկրների առաջնորդների գագաթնաժողովը: Առաջին օրը գերտերությունների ղեկավարներն ավարտել են խմբային լուսանկարով Ալպերի ֆոնին՝ ջերմ գրկախառնություններով ու լայն ժպիտներով: Գագաթնաժողովի առաջին օրը առաջնորդները հայտարարել են, որ նպատակ ունեն մինչև 2027 թվականը մոբիլիզացնել ավելի քան 600 միլիարդ դոլար ենթակառուցվածքների և կայուն զարգացման նախաձեռնության համար, ինչպես նաև ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ ժողովրդավարությունները, երբ միասին են աշխատում, կարողանում են ուղի հարթել ամբողջ աշխահի համար:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հինգ տարվա ընթացքում մոբիլիզացնելու է 200 միլիարդ դոլար դրամաշնորհներ, դաշնային ֆոնդեր և մասնավոր ներդրումներ՝ աջակցելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին՝ իրագործելու նախագծեր, որոնք կօգնեն հաղթահարել կլիմայի փոփոխությունը, բարելավել առողջապահության ոլորտը, գենդերային հավասարությունը և թվային ենթակառուցվածքները: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան 300 միլիարդ եվրո կհավաքի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի այլընտրանքային նախաձեռնության համար:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը հյուրընկալել է G7-ի 48-րդ գագաթնաժողովը, նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին այս պահին պետք է կենտրոնանալ կանաչ էներգիայի ոլորտում կատարվող ներդրումների ուղղությամբ: G7-ի գագաթնաժողովը կշարունակվի ևս 2 օր: Օրակարգային հարցերի զգալի մասը վերաբերում է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության ընթացքին և հետևանքների վերացմանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. ՄԱՏՎԻԵՆԿՈ
ՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չէ, որ պատերազմում է, դա հավաքական Արևմուտքն է, դա ՆԱՏՕ-ն է, որ պատերազմում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների ձեռքով: Հետևաբար, Մոսկվան պետք է ամեն ինչ անի իր ինքնիշխանությունը և անվտանգությունը պաշտպանելու համար: Մատվիենկոն ասել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունը պետք է ընթանա իրատեսական պայմաններով։
Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր էլ պատրաստ է բանակցությունների, բայց ոչ դեկլարատիվ բնույթի։ «Մեր պայմանները պետք է ընդունվեն: Եվ դա հիմք կդառնա բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է հստակեցնել մանրամասները: Մեր պայմանները հայտնի են»,- հավելել է Վալենտինա Մատվիենկոն:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ. ՔԱԼԸՆ
Վաղը Մադրիդում տեղի է ունենալու Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտնել է, որ հանդիպումն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խնդրանքով՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Շվեդիային ու Ֆինլանդիային ներկայացված իր պայմաններից, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պահանջից։ «Մեր մասնակցությունն այս գագաթնաժողովին չի նշանակում, որ մենք նահանջելու ենք մեր դիրքերից»,- ընդգծել է Քալընը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելու հայտերը: