2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 25 մեղադրյալ կա: Այդ օրը Երևանում մի խումբ ցուցարարներ հարձակվել էին Ազգային ժողովի, Կառավարության շենքերի վրա, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին: Ազգային ժողովի մոտակայքում մահափորձ էր իրականացվել այն ժամանակ խորհրդարանի նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի դեմ։ Այս բոլոր գործերով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է:
Արամ Արամյան (ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Կատարված քննության արդյունքում 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ է անջատվել, ուղարկվել դատարան:
Դատարանն արդեն 9 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ:
Արամ Արամյան - 8-ը դատապարտվել են ազատազրկման 2-6 տարի ժամկետով, տարբեր պատժաչափեր են նշանակվել այդ անձանց նկատմամբ, մեկի նկատմամբ նշանակվել է տուգանքի ձևով պատիժ, ներկայումս էլ կան արդեն իսկ ազատազրկման ձևով պատիժ կրող անձինք, ինչպես նաև դատարանում քննվող քրեական գործերով կան կալանքի տակ գտնվող անձինք, որոնց վերաբերյալ գործերի քննությունը դեռևս շարունակվում է:
Քրեական գործերը 1.5 տարի է՝ քննվում են, վարչության պետի տեղակալի խոսքով՝ պատճառը հանցագործությունների դեպքերի մեծ ծավալն է:
Արամ Արամյան - Մեր տրամադրության տակ գտնվող փաստական տվյալներից էլ ակնհայտ է, որ հանցավոր վարքագիծ են դրսևորել էդ օրը բազմաթիվ այլ անձինք, որոնց ինքնությունները դեռևս բացահայտված չէ, և գործի քննությունը, ըստ էության, միտում է հետապնդում նաև չբացահայտված անձանց ինքնությունները պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված:
Քննության փուլում է նաև Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը, իրավապահներն այդ գործով մանրամասներ դեռ չեն հաղորդում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան