Ուկրաինայի մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն իրենց բավարար օգնություն չի տրամադրում, անհիմն են՝ ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Европейская правда ուկրաինական խմբագրությանը տված հարցազրույցում։
«Մենք պետք է խուսափենք էսկալացիայից և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականությունից, որը ոչ մեկին օգուտ չի բերի։ Ուկրաինայի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ պետք է նշեմ, որ մեր թիվ մեկ խնդիրն է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքում ապրող միլիարդավոր մարդկանց»,- այսպես է Ջոանեն պատասխանել Կիևին։
Պաշտոնյան խորհուրդ է տվել Կիևին ընդունել ՆԱՏՕ-ի օգնությունն ամբողջությամբ։ Նա բացատրել է, որ դա արևմտյան պետությունների ընդհանուր և համակարգված օգնություն է։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները մտածում են լրացուցիչ օգնություն տրամադրել ուկրաինացի զինվորականներին: Նա պարզաբանել է, որ օգնությունը կներառի ապահով կապի համար սարքավորումների, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի, ինչպես նաև վառելիքի մատակարարումներ։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կմատակարարի միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում։