Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ, հանդիպում ունեցել ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը և Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի կողմից։
Պատգամավոր Սիոտին բացման խոսքում ողջունել է Հակոբյանի այցը, պատմել դեպարտամենտական խորհրդի շենքի հիմնադրման պատմությունը։ Սիոտին նշել է, որ իրենք բարձր են գնահատում վարչապետի տիկնոջ անցած ճանապարհը, ծանոթ լինելով նրա ուղուն՝ լրագրողական աշխատանք ծավալելուց մինչև պատերազմի օրերին նրա գործունեությունը։
«2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Հակոբյանը բացառիկ օրինակ ցույց տվեց անձնազոհություն և հայրենասիրության՝ ջոկատ ձևավորելով և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելով»,- ընդգծել է Սիոտին։ Պատգամավորի խոսքով՝ ներդրում ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման գործում, այժմ էլ ինքը ակտիվորեն աշխատում է դատապարտումը քրեականացնելու օրինագծի մշակման ուղղությամբ։
Դեպարտամենտական խորհրդում ունեցած ելույթում Աննա Հակոբյանը նախ շնորհավորել է Էրիկ Սիոտիին օրեր առաջ կայացած ընտրություններում կոմիտեի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, ինչպես պաշտոնավարման նախորդ 15 տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում կշարունակեք Ձեր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում՝ որպես հայ ժողովրդի սիրելի բարեկամը։ Հավատացած եղեք, որ բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ գործունեությունը՝ հայ ժողողվրդին հուզող հարցերը ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր շրջանակներում բարձրաձայնելու համար»,- ընդգծել է վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանի խոսքով՝ դիվանագիտական ամուր հարաբերություններից բացի Ֆրանսիան և Հայաստանը ձևավորել են արդյունավետ համագործակցություն նաև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի ոլորտներում: «Ապակենտրոնացված համագործակցության կայացվածության մասին է վկայում նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, որի հերթական նիստը կանցկացվի հունիսի 29-30-ը Լիոնում։ Առանձնակի ցանկանում եմ նշել, որ այս շրջանակում Ալպ-Մարիտիմ դեպարտամենտի քաղաքների հետ Հայաստանի գործակցությունն ունի իր ուրույն տեղը: Զբոսաշրջային ծառայությունների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում Ալպ- Մարիտիմ դեպարտամենտի ունեցած հաջողությունները և փորձը, կարծում եմ, այդ ոլորտներում Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրեր կարող են նախանշել», - շեշտել է Հակոբյանը։
Դեպարտամենտական խորհրդում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստան-սփյուռք կապերի զարգացման հարցեր, ներկաներին հրավիրել այցելել Հայաստան։