Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով Հայաստանում կհիմնվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ։ Կազմակերպության տրամադրած սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներում։
Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Սերտիֆիկատի առկայությունը բավարար է, որ արտադրանքը համարվի անվտանգ և որակյալ:
Սերտիֆիկատի առկայությունը հայ արտադրողներին հնարավորություն կտա իրենց արտադրանքը առանց խոչընդոտի արտահանել մահմեդական երկրներ:
Այդար Գազիզով («Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն) - Հայաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը 1/3 մասն են կազմում: Այս առումով ունեք զգալի ներուժ: Արտահանման և նոր շուկաներում գործունեություն սկսելու համար սա շատ լավ հնարավորություն է:
Սերտիֆիկատ հնարավոր է ստանալ 2-3 ամսում: Շատ իսլամական երկրներ «Հալալ» սննդամթերքի սերտիֆիկացումը անհրաժեշտություն են դարձրել:
Կարեն Ոսկանյան («Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի ներկայացուցիչ) - Եթե Հայաստանում սերտիֆիկացված արտադրանքը շատ լինի, կավելանա նաև մահմեդական երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը:
Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում ոչ միայն մսամթերքի, այլև սննդամթերքի այլ տեսակների, առողջապահական և խնամքի միջոցների, զբոսաշրջության, նույնիսկ տաքսի ծառայության ոլորտներում։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան