Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների եղբայրական բնույթն ու միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը։
Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հունասատանի միջև քաղաքական երկխոսության ինտենսիվության և արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու առկա փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել մի շարք ռազմավարական ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ռազմական, մշակութային, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ՝ ուրվագծելով այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Հատկապես կարևորվել է տնտեսության և նորարարությունների ոլորտներում համագործակցության խորացման, փոխադարձ ներդրումների խթանման և գործարար շրջանակների շփումների ակտիվացման ուղղությամբ նպատակամղված աշխատանքների իրականացումը։
Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձևաչափին՝ ԱԳ նախարարները համոզմունք են հայտնել, որ այդ ձևաչափում շփումների շարունակականությունը և համատեղ ծրագրերի իրականացումը լավագույնս կծառայի գործընկեր երկրների կենսական շահերի ապահովմանը։
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես` «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արձանագրվել է գործընթացը վերջնակետին հասցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու քաղաքական կամքը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող մի շարք հարցերի։
Հայկական կողմը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հունական կողմի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետևողական ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, և բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության տրամադրման համար։
ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաև այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։
Կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: