ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե այս պահին պատերազմի վտանգ չկա, նշանակում է, որ այդ պահին սահմանին կուտակումներ չկան, բայց դրանք կարող են առաջանալ ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին` ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը «արժանապատիվ խաղաղություն» ասելով՝ վարչապետը պարզաբանեց.
«Մանրուքները շատ կարևոր են. ինչ նկատի ունենք արժանապատիվ խաղաղություն ասելով, հնարավո՞ր էր արդյոք խաղաղության հասնել: Ես 2020 թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ այդ մասին. հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմը չսկսվեր: Այո՛, դրա համար պետք էր ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, ընդ որում` այնպես չի, որ 2018-ից հետո այդ անհրաժեշտությունն առաջացավ: Սերժ Սարգսյանը 2017 թ. հունիսին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց` Ադրբեջանը համարում է` ԼՂ հարցն իր ներքին հարցն է: Հիմա նաև նախկին իշխանության ներկայացուցիչներն են ասում` հնարավոր է: է՛, հնարավո՞ր էր՝ անեիք:
Ենթադրենք՝ գալիս էի, ու էն ելույթը, որ վերջին շրջանում ունենում եմ` որոշ փաստեր բացահայտելով, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դրանից հետո բոլորս պիտի ասեինք` այո՛, դե եկեք ԼՂ-ն ճանաչենք Ադրբեջանի մաս, արձանագրենք նաև ԼՂ ադրբեջանցիների վերադարձի և բնակություն հաստատելու իրավունքը, արձանագրենք ԼՂ հետագա ճակատագրի հարցում Ադրբեջանի վետոյի իրավունքը: Ասում են` Լաչինի միջանցքը էսքան պիտի լիներ, բանակցային փաստաթղթերում ոչ մի նման բան չկա»:
Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցվող փաստաթուղթը, այն ստորագրելու պարագայում, ԼՂ հարցը չէր լուծում, այդ հարցը լուծվելու էր հետագա բանակցությունների ընթացքում. այդտեղ որոշակի շրջանակներ էին արձանագրվում, և դրա շուրջ ՀՀ և Ադրբեջանի մեկնաբանությունները միմյանցից տրամաբանորեն տարբեր էին:
«Հանրությանը դրանում համոզելու համար ինքս պետք է համոզված լինեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Ես դրանում համոզված չէի, որովհետև դա նշանակում էր` ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս: Պիտի գայի, ասեի` գիտեք, ժողովո՛ւրդ, վերջին 20 տարին անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղվել, որովհետև այն, ինչ առաջարկվում էր 97-98 թթ., այսօր առավելագույնը, որ կարող ենք ունենալ, գուցե այն առաջարկածից վատ է: Այդ բանակցության մանրամասները հրապարակելուց հետո ո՞վ է երաշխավորում, որ բանակցությունները չէին դադարելու, ու պատերազմ չէր սկսվելու, կամ միջազգային հանրությունը չէր դատապարտելու Հայաստանին` աշխատանքային բովանդակությունը սփռելու և պոպուլիստական ձևով շահարկելու համար, և երբ պատերազմ տեղի ունենար, ու այս նույն հետևանքը լիներ, այն ժամանակ ավելի ուղիղ պիտի մեղադրեին` չհաշվարկված ու ոչ խելամիտ հայտարարություններով պատերազմ հրահրեցիր:
Ես պիտի ասեի` այն բանակցային գործընթացը, որ ստացել եմ, ռումբ է` դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ, պիտի դա ասեի, ու ամենատարբեր կողմերից հակառակն ապացուցեին, պիտի ասեին` հեղափոխություն կազմակերպեցիք, որ ԼՂ անկախության հարցը ձախողեիք»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց` ՀՀ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության համար. մեր կոորդինատ բերողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է ու սխալ կոորդինատ է տալիս, սա հայրենիքի դավաճանություն անող է:
«Նա, ով «դավաճան չէ», ընդամենը 20 կմ-անոց արկի տեղն առել է 10 կմ-անոց արկ, բայց գրել է 20 կմ-անոց, պատերազմի ժամանակ կրակել են 20 կմ հեռավորություն ունեցող թիրախի վրա, կրակել են` չխոցելով այդ թիրախը, դեռ պարզ չէ` մեր թիրախներին խոցել են, թե ոչ»,- նշեց նա: