Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու: Նրանցից մեկը Հրաչ Այվազյանն է:
Այվազյանը 2013 թվականին նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, իսկ 2021 թվականից առ այսօր Վարչական դատարանի նախագահն է: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով՝ Այվազյանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտում առկա խնդիրներին:
«Առկա խնդիրներից կարելի է նշել դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև բողոքների քննության անորոշ ժամկետները:
Նշված խնդիրները հանգեցնում են նրան, որ դատարանների կողմից պատշաճ իրականացված արդարադատության արդյունքում հանրության շրջանում կարող է դատական իշխանության և իրականացվող արդարադատության նկատմամբ հանրային ընկալման անբավարար գնահատական առաջանալ:
Արդյունքում՝ վերոնշյալ խնդիրները բացասաբար են անդրադառնում դատական իշխանության նկատմամբ վստահության և իրականացվող արդարադատության որակի նկատմամբ ձևավորվող հանրային տրամադրությունների վրա»,- ասաց Այվազյանը: