Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի բոյկոտի G20-ի գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության դեպքում։ Այս մասին նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։
Ֆոն դեր Լայենի կարծիքով՝ G20-ը չափազանց կարևոր է՝ բոյկոտով այն կաթվածահար անելու համար: Նրա համոզմամբ՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա «անձամբ ասել Պուտինին այն, ինչ մտածում են»:
Միաժամանակ Լայենը նշել է, որ այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ սովորականի պես գործեր վարել։
G20-ի աշնանային գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։ Հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի մասնակցությամբ G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու մասին։ Սպիտակ տան նախկին խոսնակ Սակին հաստատել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը բոյկոտելու է մի շարք նիստեր։