Հունիսի 26-ին Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու ամրոցում մեկնարկել է Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Բանակցությունների հիմնական թեմաներն են՝ Ուկրաինայի հակամարտությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները, Ռուսաստանից ռուսական ոսկու ներկրման հնարավոր արգելքը և ռուսական նավթի համար որոշակի գների սահմանումը։
Քաղաքական գործիչները պետք է քննարկեն նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի, էներգակիրների գների բարձրացման հետևանքների, պարենային անվտանգության, Չինաստանի հետ հարաբերությունների հարցերն ու այլ խնդիրներ։
Bloomberg-ի տրամադրության տակ է հայտնվել G7 երկրների առաջին հայտարարության նախագիծը, որով նրանք պարտավորվում են անժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսակապի միջոցով կմասնակցի գագաթնաժողովին։
G7 երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանից նավթի գինը դրա ապահովագրության և փոխադրման հետ կապելու միջոցը՝ սահմանելով դրանց հավանական արժեքը՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նման սխեման թույլ կտա ապահովագրել և տեղափոխել միայն նավթ և նավթամթերք, որոնց արժեքը չի գերազանցի նշված շեմը։
G7-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հրապարակել առնվազն չորս համատեղ հայտարարություն, ինչպես նաև ամփոփիչ կոմյունիկե։