ՄԵՔՍԻԿԱ
ՍՆՆԴԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇՈՈՒ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սոր Խուանայի համալսարանի գաստրոնոմիայի բաժնի ուսանողները սննդից պատրաստված հագուստների նորաձևության շոու են կազմակերպել:
Օգտագործելով ավանդական բաղադրիչներ, ինչպիսիք են չիլի պղպեղը, կակաոն, չրերը, կարամելը, դիզայներները, ասես, վերաստեղծել են Մեքսիկայի բնիկ ժողովուրդների տարազը:
Գաբրիել Ռոդրիգես (ուսանող) - Ցուցադրված բաճկոններից մեկը պատրաստելու համար մենք մանուշակագույն հատիկ լոբի ենք օգտագործել: Սկզբում դրանք մաքրել ենք, տեսակավորել, հետո անցքեր բացել դրանց վրա ու լաքապատել: Այնուհետև ձեռքով յուրաքանչյուր լոբու հատիկը կարել ենք բաճկոնին:
Պարային երաժշտության ռիթմերի ներքո մոդելները ցուցադրել են նորաձևության բացառիկ նմուշներ: Միջոցառման նպատակն է հանրահռչակել Մեքսիկայի տարբեր ժողովուրդների տարազը:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՅՈԳԱՅԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հնդկաստանի հարավային Միսուրու քաղաքում անցկացվել է Յոգայի միջազգային օրվան նվիրված զանգվածային միջոցառում, որին մասնակցել է նաև երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:
Հնդկաստանի ղեկավարը և յոգայի հազարավոր սիրահարներ վաղ առավոտյան հավաքվել են Մայսորի պալատում ու յոգայի և շնչառական տարբեր վարժություններ կատարել: Մոդին իր մասնակցությամբ ցանկացել է խթանել յոգայի տարածումը Հնդկաստանում:
Նարենդրա Մոդի (Հնդկաստանի վարչապետ) - Յոգան մեզ խաղաղություն է պարգևում: Յոգայի պարգևած խաղաղությունը չի պատկանում միայն մարդկանց: Այն խաղաղություն է պարգևում մեր հասարակությանը, ազգերին, մեր աշխարհին: Ներքին խաղաղություն ունեցող միլիոնավոր մարդիկ կստեղծեն համապարփակ խաղաղության միջավայր: Ահա թե ինչպես յոգան կարող է միավորել մարդկանց, ահա թե ինչպես յոգան կարող է միավորել երկրները, և ահա թե ինչպես յոգան կարող է դառնալ բոլորիս համար խնդիրների լուծման միջոց:
Նարենդրա Մոդին Հնդկաստանի վարչապետ դառնալուց ի վեր ցանկացել է, որ յոգայի տոնը միջազգայնորեն նշվի: 2014 թվականից, բացառությամբ վերջին երկու տարիներին, երբ կորոնավիրուսի պատճառով զանգվածային միջոցառումներն արգելված էին, Հնդկաստանում անցկացվել են յոգային նվիրված տարբեր զանգվածային միջոցառումներ:
ԱՄՆ
ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՅՈԳԱՅԻ ՏՈՆԸ
2017 թվականից ի վեր, ամեն տարի Չարլի Քեյը ժամանում է Թայմս Սքուեր՝ մասնակցելու ամառային արևադարձին նվիրված յոգայի անվճար պարապմունքին:
Չարլի Քեյ (Նյու Յորքի բնակիչ) - Թայմս Սքուերը մի տեսակ քաոսային վայր է, ճիշտ է, շատ գեղեցիկ է, սակայն այստեղ գալուց հաճախ խուսափում եմ, քանի որ քաոսը շատ մեծ է: Բայց այսօր բավականին խաղաղ է: Ուստի փորձում եմ երբեք այս միջոցառումը բաց չթողնել:
Իրականում արդեն 20 տարի է՝ ինչ Նյու Յորքի գլխավոր հրապարակում անցկացվում է յոգայի այս զանգվածային միջոցառումը: Ամեն ինչ սկսվել է 2003 թվականին, երբ յոգայի պարապմունքին մասնակցում էր ընդամենը 3 մարդ: Նույնիսկ կորոնավիրուսի համավարակը չի խանգարել, որ այն անցկացվի: 2020 թվականին առցանց տարբերակով է տեղի ունեցել, իսկ անցած տարի՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ:
Յոգայի անվճար պարապմունքը սկսվում է վաղ առավոտյան 7:30-ին և ավարտվում երեկոյան 20:30-ին, այսինքն՝ արևածագից մինչև մայրամուտ:
Քեթի Սիրիան (յոգայի պարապմունքի մասնակից) - Ես այստեղ եմ եկել Հարավային Կարոլինայից: 75 տարեկան եմ, յոգայի մարզիչ: Կարծում եմ, որ եթե կարող եք յոգայով զբաղվել և խաղաղություն գտնել Թայմս Սքուերում, ապա այս միջոցառումն իրեն արդարացրել է:
Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ՝ այս տարի Թայմս Սքուերում յոգայի անվճար պարապմունքին մասնակցելու 7 հազար հայտ են ստացել:
ԱՄՆ
ԱՐՋԸ ԹԱՓԱՌՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքում անցորդները նկատել ու տեսագրել են, թե ինչպես է հսկա արջը շրջում բնակելի թաղամասերից մեկում:
Հսկա կենդանին, որն ավելի քան 180 սմ հասակ ու 136 կգ քաշ ունի, շրջել է մարդկանց տների բակում և թաքնվել թփերի մեջ: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ բնակիչներից ոչ մի բողոք կամ ահազանգ չեն ստացել արջի ագրեսիվ վարքի մասին:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՍԹՈՈՒՆՀԵՆՋՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ
Հազարավոր մարդիկ են հավաքվել տեսնելու, թե ինչպես է արևը ծագում Մեծ Բրիտանիայի խորհրդանշական Սթոունհենջում` այդպիսով նշելով ամառային արևադարձը:
Այդ օրը համարվում է տարվա ամենաերկար օրը հյուսիսային կիսագնդում, և շատերի համար արդեն ավանդույթ է դարձել այդ օրը նշել հենց Սթոունհենջում: Սա առեղծվածային մի վայր է, որը կառուցվել է ավելի քան 4500 տարի առաջ, և, ամենայն հավանականությամբ, նախատեսված է արևի շարժմանը հետևելու համար:
Հազարավոր մարդիկ ամեն տարի հունիսի 21-ին հավաքվում են տեսնելու, որ արևը ծագում է հարավարևմտյան Անգլիայի համաշխարհային ժառանգության վայրում` Սթոունհենջում, գտնվող ամենամեծ քարի հետևում, և դրա առաջին ճառագայթները փայլում են շրջանի սրտում:
Հատկանշական է, որ այդ խորհրդանշական պահը դիտելու հնարավորություն ունեն ոչ միայն այն մարդիկ, որոնք անձամբ հենց Սթոունհենջում են, այլև նրանք, ովքեր սոցցանցերի օգնությամբ են հետևում դրան:
ԲՈԼԻՎԻԱ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲՈԼԻՎԻԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՅՄԱՐԱՅԻ ԱՄԱՆՈՐԸ
Հարյուրավոր բնիկ բոլիվիացիներ ձեռքերը դեպի երկինք պարզած դիմավորել են լուսաբացը և հետևել, թե ինչպես է արշալույսը բացվում Անդերի Կորդիլերներ լեռնաշղթայի վրա: Նրանք այս կերպ դիմավորում են Այմարայի Նոր տարին: Ըստ նրանց օրացույցի՝ այժմ 5530 թվականն է:
Տոնակատարությունները սկսվել են հենց լուսաբացին, երբ դեռ բավականին ցուրտ է եղել: Մարդիկ մի քիչ տաքացել են, երբ երևացել են ձմեռային արևադարձի արևի առաջին ճառագայթները:
Սիրիլիո Քրուզ (ուսուցիչ) - Մենք մեր ձեռքերը վեր ենք պարզում` Հայր արևից էներգիա խնդրելու համար: Բացի այդ, մենք առողջություն, ուժ և հաջողություն ենք խնդրում: Քանի որ այդ ամենն Արև աստծուց ենք խնդրում, ձեռքերս պարզում ենք դեպի արևը:
Բնիկ բոլիվիացիները խարույկ են վառել և ընծաներ մատուցել Պաչամամային կամ Մայր հողին և Հայր արեգակին: Նրանք իրենց նախնիների Էլ Ալտոյի ծեսի ժամանակ առատ բերք ու առողջություն են խնդրել:
Այմարաները հավատում են, որ «հայր արևը»՝ «Ալ Թաթա Ինտին», իր ջերմությունն է տալիս Երկրին Նոր տարում՝ ավետելով գարնան սկիզբը:
Նախաիսպանական Ամերիկայում բնիկները մեծապես կախված էին գյուղատնտեսությունից, և նրանց ծեսերից շատերն ուղղված էին աստվածների օրհնությունը ստանալուն՝ առատ բերք ապահովելու համար:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՏԱՃԱՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հնագետները Նիդերլանդների Գելդերլենդ նահանգում հայտնաբերել են հին հռոմեական սրբավայր, որտեղ կա համեմատաբար լավ պահպանված հռոմեական տաճար: Այդ մասին հայտնել է երկրի մշակութային ժառանգության գործակալությունը՝ գտածոն համարելով «բացառիկ»:
Իրականում առաջին գտածոն հայտնաբերել են կամավոր հնագետները 2021 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գտնվող Roman Limes վայրին մերձակա քաղաքում: Նրանք այդ մասին տեղեկացրել են գործակալությանը:
«Այստեղ մի քանի տաճար է եղել: Մենք գտել ենք պաշտամունքի առարկաների մնացորդներ, բարձրաքանդակներ, ներկված գիպսի կտորներ: Սա շատ բացառիկ է ոչ միայն Նիդերլանդների համար, այլև միջազգային մակարդակով»,- նշված է գործակալության հայտարարության մեջ:
Նրանք հավելել են, որ թեև Նիդերլանդներում հայտնի են եղել հռոմեական մի քանի սրբավայրեր, սա նման առաջին ամբողջական համալիրն ու տաճարն է, որը երբևէ հայտնաբերվել է:
Տարբեր աստվածների և աստվածուհիների նվիրված ամբողջական քարեր և զոհասեղաններ են հայտնաբերվել այս վայրում: Դրանք Հռոմեական կայսրության օրոք դարեր շարունակ օգտագործվել են: Նախատեսվում է, որ հնավայրից բազմաթիվ նմուշներ կցուցադրվեն Վալխոֆ թանգարանում:
ԳԵՐՄԱՆԻԱ
ԿՈԿՏԵՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՌՈԲՈՏԸ
Մյունխենի բարերից մեկում բարմեն ռոբոտ է աշխատում: Նա իր ներկայությամբ ոչ միայն զարմացնում է բարի հաճախորդներին, այլև որոշակիորեն թեթևացնում բարի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:
Բարմեն ռոբոտն աշխատում է երկու ձեռքով, տարբեր կոկտեյլներ է պատրաստում: Հեղինակները վստահեցնում են, որ սա տեսակի մեջ առաջին բարմեն ռոբոտն է: Բանն այն, է, որ հետքովիդյան շրջանում աշխատուժի պակաս կա, և այս բարում որոշել են նման լուծում տալ խնդրին:
Քրիստոֆ Հայթ (բարի մենեջեր) - Մենք ներկայացնում ենք Գերմանիայի կոկտեյլների ամենամեծ ցանցը: Ուստի այս բարը մեզ համար նույնքան կարևոր է, որքան մյուսների համար խոհանոցը: Մեր ոլորտն աշխատակազմի պակասի խնդիր ունի: Պատրաստ ենք նոր մարդկանց ընդունել աշխատանքի: Այս ռոբոտն ամենևին էլ չի փոխարինելու մարդուն, այլ ընդամենը օգնելու է:
Բարմեններն իրենց հերթին դժգոհ չեն, որ իրենց մոտ աշխատում է այս բարմեն ռոբոտը: Նույնիսկ կատակում են, որ նախընտրում են այս ռոբոտի հետ աշխատել, քանի որ այն մարդկանց նման չի պատասխանում իրենց կամ տեղի-անտեղի բողոքում:
ԻՍՊԱՆԻԱ
ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՍԱՆ ԽՈՒԱՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ
Իսպանիայի հյուսիսային Ա Կորունյա քաղաքի Օրզան և Ռիազոր լողափերին հազարավոր իսպանացիներ են հավաքվել՝ նշելու Սան Խուանի փառատոնը: Նրանք ամենուր խարույկ են վառում և թռչում դրա վրայով՝ չար ոգիներին վախեցնելու նպատակով:
Սան Խուանի ավանդական փառատոնը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Հովհաննեսի տոն, անցկացվում է հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը: Սա այն օրն է, երբ, ըստ Աստվածաշնչի, ծնվել է Հովհաննես Մկրտիչը:
Սակայն Իսպանիայում այս տոնը նշելու ժամանակ ավելի շատ հեթանոսական ծեսեր են նկատվում, այդ թվում՝ խարույկ վառելը և դրա վրայով թռչելը՝ որպես մաքրության նշան և չար ոգիներից ազատվելու միջոց: Մարդիկ հավատում են, որ այս կրակն իրենց պաշտպանում է ամբողջ տարվա ընթացքում:
Սան Խուանի փառատոնը նաև նշանավորում է ամռան մեկնարկը հյուսիսային կիսագնդում: Ակնկալվում էր, որ այս տարի փառատոնին կմասնակցի 100 հազար մարդ: Տոնի մասնակիցները պարում են, երգում, թռչում կրակի վրայով և մի լավ զվարճանում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: