ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-17-ն անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն առնչվող հարցերը:
Այս տարվա աշնանը կայանալիք առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 2000 մարդ:
Արթուր Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի թեկնածությունը որպես ընդունող երկիր քննարկելիս հաշվի է առնվել նախևառաջ անվտանգության ապահովման հնարավորությունը. «Ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 5 հայտ, բայց նախապատվությունը տրվել է Հայաստանին, քանի որ հասկանալի է՝ Հայաստանը բարեկամական երկիր է, ու այստեղ բացառված են լինելու սադրանքներն ու բացասական գործողությունները տարբեր երկրների ներկայացուցիչների հանդեպ: Հայաստանը նաև շատ հյուրընկալ և գեղեցիկ երկիր է: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է ընթանալու»:
Կողմերը քննարկել են մոտ ժամանակներս առաջնության կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնախմբի ստեղծման հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակում. «Միջազգային մրցաշարի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»:
Արթուր Մելիքյանն էլ ընդգծել է՝ միջազգային ֆեդերացիան ևս կօժանդակի առաջնության անցկացմանը, իսկ մոտ ժամանակներս FIAS-ի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան՝ կազմակերպչական հարցերը քննարկելու համար:
Աշխատանքային մյուս հանդիպմանն էլ ներկա են եղել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ու ISU-ի՝ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը:
77-ամյա մասնագետը, որն աշխատանքային այցով է ժամանել Հայաստան, ասում է՝ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է մեր երկրում. «Նախևառաջ, դուք ունեք ավանդույթներ: Աշխարհում քիչ չեն հայկական արմատներով գեղասահորդները: Ունեք հիանալի սահադաշտեր, որտեղ կարելի է մարզումային գործընթացներն արդյունավետ կազմակերպել: Առկա են նաև բավականաչափ թվով մարզիչներ: Պարզապես, կարիք կա բարձրացնելու նրանց մասնագիտական որակները: Կարևոր է, որ մարզիչները ցանկանան սովորել և սովորեցնել երեխաներին: Այդ առումով կարող եմ առաջարկել իմ օգնությունը և ծրագիրը:
Ամեն դեպքում, այն, որ ISU-ն հնարավորություն տվեց այստեղ երկու անգամ գրան պրի անցկացնել, մեծ բան է: Այսպիսի փոքր երկրների համար դա հազվադեպ հանդիպող երևույթ է»:
Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահն առաջարկել է սեմինարներ կազմակերպել Հայաստանում մարզիչների ու նաև ծնողների համար:
Ալեքսանդր Լակերնիկը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: