Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր գերիների խումբ ազատ արձակել, բայց դա տեղի չի ունեցել: Այսօր լրատվամիջոցների և ՀԿ-ների հետ առցանց հարցազրույցի ժամանակ լրագրողներից մեկի՝ գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաստատում եմ, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր, որ գերիներն ազատ կարձակվեն, բայց հաջորդ մեր հանդիպմանն արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել: Ես հիմա չեմ ցանկանա մտնել մանրամասների մեջ, բայց կարող եմ ասել, որ արձանագրվեց՝ խոստում հնչել է, և խոստումը չի կատարվել:
Ադրբեջանի նախագահը փորձ արեց ինձ վերագրել խոստում, թե ես էլ ինչ-որ բան եմ խոստացել, մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների երթուղու հետ կապված, որ ես կներկայացնեմ երթուղու վերաբերյալ կոնկրետ կոորդինատներ, թե իբր ես այդպիսի խոստում եմ տվել, բայց ես այդպիսի խոստում չեմ տվել: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: