Անցած շաբաթ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը դժգոհել էր հայկական կողմից` հայտարարելով, թե խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատելու իրենց առաջարկն առայժմ անպատասխան է մնացել: Նա պնդել էր նաև, որ Նախիջևանի հետ հաղորդակցության ուղիների բացումը պաշտոնական Երևանի իրավական պարտավորությունն է, որը, սակայն, հայկական կողմը չի շտապում իրագործել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված` Հանրային հեռուստաընկերության հարցը հետևյալն էր` ինչպես կարձագանքեք Ադրբեջանի նախագահի այս դիտարկումներին, ինչու ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ գործնականում չեն իրագործվում, և արդյոք հնարավո՞ր է հասնել ընդունելի լուծումների, եթե կողմերից մեկը մշտապես մեղադրողի դիրքեից է հանդես գալիս:
«Ընդհանրապես Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակում է այդպիսին մնալ: Նաև միջազգային հանրությունը, կարծում եմ, արձանագրում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան մենք տեսնում ենք Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունը:
Այսօր պետք է տեղի ունենար հանդիպում Հաջիևի և Գրիգորյանի միջև, և ադրբեջանական կողմը չեղարկել է հանդիպումը: Արտաքին գործերի նախարարների հանդիպման առաջարկ է հնչել մեր կողմից, որպեսզի հետագա աշխատանքների պլանավորում տեղի ունենա, այս պահի դրությամբ մենք որևէ արձագանք չունենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև կոմունիկացիաների բացման թեմային:
«Պիտի արձանագրեմ, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի իրավական պարտավորությունն է և մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հետաքրքրված ենք այդ գործով:
Պիտի արձանագրեմ հետևյալը. երբ մենք Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցրեցինք, և ես էլ հայտարարություն արեցի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը, դրանից հետո Ադրբեջանը հրաժարվեց այդ պայմանավորվածությունից:
Դրանից հետո եղավ առաջարկ՝ ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել գրավոր փաստաթղթով, փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող՝ ռուսաստանյան կողմից Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց ստորագրել այդ փաստաթուղթը, ադրբեջանական կողմը հրաժարվեց»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ժամեր առաջ արել էր Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն նույն տրամաբանությամբ, ինչ Լաչինի միջանցքն է:
«Ես այն ժամանակ եմ արձանագրել, որ դա մեզ համար անընդունելի է, որովհետև եռակողմ հայտարարության մեջ հստակ է, որ այնտեղ կա միայն մի միջանցքի հիշատակում, և դա Լաչինի միջանցքն է, որը, ըստ եռակողմ փաստաթղթի, գտնվում է ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո: Հայաստանի տարածքով անցնող միջանցքների մասին որևէ բան գրված չէ»,- ասաց Փաշինյանը: