Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է այսպես ասած հանդիպակաց կառուցողական շարժում լինի՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում այլընտրանք ունի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այլընտրանք չկա, բայց այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը:
«Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի այսօր, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը, բայց շատ կարևոր է, կամ, ինչպես ընդունված է ասել, սատանան մանրուքների մեջ է: Այլընտրանք չունի, և նաև դա է պաճառը, որ մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը նոր պատերազմն է, և, տեսեք, օրինակ՝ Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար: Սա ինչի՞ համար է արվում. իմ գնահատականը մեկն է. դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար, և մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև, ինչպես ԱԺ-ում ասել եմ, առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջմղումը, և բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,- նշեց վարչապետը: