Մտահոգիչ վիճակագրություն` էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ինքնագլորներ վարելիս:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:
Ինքնագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:
Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի, կարծում եմ՝ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,- իր մտահոգությունն է հայտնել Արմեն Մուրադյանը: