Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց՝ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունն է: Թեկնածուներին առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը, բայց Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն նրանց ներկայացնելու համար ԱԺ էր եկել Դավիթ Խաչատուրյանը: ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը հիվանդանոցում է, նրան վիրահատում են՝ տեղեկացրեց խորհրդի անդամը:
Դավիթ Խաչատուրյան (ԲԴԽ անդամ) - Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու, ուղղակի մինչև էս պահը հայտնի չէր՝ արդյոք ենթարկվելո՞ւ է վիրահատության, թե՞ ոչ, համենայն դեպս, այս պահին ես եմ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու:
Դեռ անցած տարի օրենքը փոխվեց, ու Վճռաբեկ դատարանի պալատների թիվն ավելացավ: Քաղաքացիական և վարչական պալատը տրոհվեց, ու այժմ յուրաքանչյուրը որպես առանձին միավոր է գործում: Վարչական պալատի դատավորների թափուր հաստիքի համար առաջադրված է 9 թեկնածու՝ Լիանա Հակոբյանը, Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը, Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը, Արծրուն Միրզոյանը, Հակոբ Գրիգորյանը, Քրիստինե Մկոյանն ու Արթուր Պողոսյանը: Առաջինը Այվազյանը ամբիոնին մոտեցավ, նա 2013-ից վարչական դատարանի դատավոր է, իսկ անցած ամառվանից՝ դատարանի նախագահ: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշել թողնել բարձր պաշտոնն ու գնալ Վճռաբեկ ատյան՝ որպես դատավոր:
Հրաչ Այվազյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Ձեր կողմից արդեն նշված «բարձր դատարան» արտահայտությունը կարող է մոտիվացիա համարվել անձի համար, որպեսզի թեկուզ վարչական դատարանում դատավորի պաշտոնը զբաղեցնելով՝ ձգտում ունենա ավելի բարձր դատական ատյանում պաշտոնավարելու և իր ներդրումն ունենալու օրենսդրական առաջընթացներին:
Այվազյանի խոսքով՝ դատարաններն անհամաչափ ծանրաբեռնված են, բողոքների քննության ժամկետները՝ երբեմն անորոշ, ինչը համակարգի նկատմամբ հանրային ոչ ճիշտ ընկալում է առաջացնում: Թեկնածուներից Արտակ Զեյնալյանի կարծիքով էլ՝ երկրում արդար դատաքննության իրավունքի վիճակը բավարար չէ: Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Զեյնալյանը, անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որի համար պետք է միավորվեն Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները, ասաց՝ կողմ չէ միախառնմանը:
Արտակ Զեյնալյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Իմ կարծիքով՝ դրանք պետք է լինեն առանձին, ոչ թե Վճռաբեկում լինի Սահմանադրական պալատ, էստեղ տարբեր են դրանց գործառույթները, ՍԴ դերն ու նշանակությունը այլ է, կարծում եմ՝ այն պետք է լինի առանձին:
Նախկին պատգամավորն ասաց՝ պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում:
Արտակ Զեյնալյան - Պայմանավորված իրերի այս դասավորությամբ, այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում
Դատավորների թեկնածուները խոսեցին դատական համակարգի խնդիրներից, բոլորն էլ կարևորեցին երրորդ ատյանում առանձին մասնագիտացված ինստիտուտի ձևավորումը, ինչը, ըստ նրանց, էապես կբարելավի վարչական արդարադատության որակը: Խոսեցին նաև համակարգի գերծանրաբեռնվածությունից:
Լիանա Հակոբյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Դատավորների թվաքանակի սակավությունը ազդում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի վրա:
Արթուր Առաքելյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Հայաստանում դատավորների քանակը երեք անգամ ավելի քիչ է, դա տանում է ոչ թե վատ արդարադատության, այլ դժվարացնում է:
Քրիստինե Մկոյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Այդ պալատի ստեղծմամբ մենք հնարավորություն ենք ունենալու նաև թոթափել ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ անդրադարձավ դատաիրավական բարեփոխումներին, նշեց՝ դրանք մեկ կամ երկու փուլով իրականացվող աշխատանք չեն: Վարդանյանը վստահ է՝ թվային դարաշրջանում կարևոր է էլեկտրոնային արդարադատության ներդրումը: Ինչ վերաբերում է դատավորների բարձրացրած խնդրին, նկատեց՝
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Միայն դատավորների քանակի ընդլայնմամբ հարցը չի լուծվում, անհրաժեշտ է, որ դատավորները կարողանան արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, և, ամենակարևորը՝ դատավորն իրավունք չունի, կներեք, մի քիչ գուցե ոչ խորհրդարանական, բայց ժողովրդական լեզվով շատ ընկալելի արտահայտություն օգտագործեմ՝ դատավորը պետք է չքնացնի գործերը, ցավոք, էդ թվում Վճռաբեկում ունենք դեպքեր, երբ 3-4 գործը մնում է դատարանի վարույթում առանց զարգացման:
Օրենսդիրն այսօր քննարկեց նաև հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Առաջադրված 9 թեկնածուների մի մասը դատավորներ են, նրանց թվում էր նաև ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանը, փաստաբան Կարեն Թումանյանը: Թեկնածուները կարևորեցին հակակոռուպցիոն քաղաքականությունն ու դրա համատեքստում «Ապօրինի գույքի բնագանձման մասին» օրենքի կիրառությունը:
Արթուր Դավթյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու) - Հակակոռուպցիոն դատարանի ու դատավորների գործունեությունը կրկնակի պատասխանատվություն է ենթադրում, քանի որ օրենքների, արդրադատության հանդեպ հանրության պատկերացումները, հասարակական ընկալումները տարիներ շարունակ խեղվել են՝ կոռուպցիոն ռիսկերից ելնելով:
Դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունների մի մասն այսօր կատարվեց:
Վարչական պալատի դատավորներ ընտրվեցին Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը, Քրիստինե Մկոյանը: