Եզակի ձևաչափը, որտեղ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը համաձայնեցված աշխատում էին, ճգնաժամի մեջ է: Նախ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, հետո էլ ուկրաինական հակամարտության սրացմանը զուգահեռ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը պասիվացրեց գործունեությունը:
Համանախագահող երկրների միջև լարումը հասավ ընդհուպ փոխադարձ մեղադրանքների: Մոսկվան հայտարարեց՝ Փարիզն ու Վաշինգտոնն են դադարեցրել շփումները ձևաչափում ընդգրկված իրենց ներկայացուցչի հետ:
Երևանում այս շաբաթ, սակայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ուշագրավ հայտարարություն արեց՝ պատրաստակամություն հայտնելով գործակցել Ռուսաստանի հետ ՄԽ ձևաչափում ու նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս ուղերձը, իհարկե, հույս արթնացրեց, որ եռանախագահությունը կրկին կակտիվանա, բայց Մոսկվան կասկածով մոտեցավ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը:
ՄԽ համանախագահության ձևաչափի առաքելությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելն է, իսկ դրան, բնականաբար, դեմ է Բաքուն, և Ալիևը Ադրբեջան այցելած Լավրովից փորձում էր լսել ձևաչափից հրաժարվելու հայտարարություն, որը, սակայն, չեղավ:
Որքան էլ, Ռուսաստանի համոզմամբ, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են սառեցրել ձևաչափը, եռանախագահությունից հրաժարվելու ուղիղ հայտարարություն էլ Կրեմլից չի եղել: Ավելին, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած ապրիլյան այցից հետո Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ շեշտել են ՄԽ համանախագահության ներուժն ու փորձը հակամարտության կարգավորման հարցում օգտագործելու կարևորությունը: