Երևանում անցկացվում է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով․ «Բարի գալուստ Հայաստան։ Վայելեք խաղերը։ Հաջող ընթացք եմ մաղթում մրցաշարին, թող՝ հաղթեն ուժեղագույնները»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը, վստահություն է հայտնել, որ այս մարզաձևում կկարողանանք վերականգնել երբեմնի ավանդույթները և կրկին ունենալ Սարգիս Սարգսյանի, Հարություն Սոֆյանի նման անվանի թենիսիստներ։
Բացման արարողության ժամանակ ներկայացվել են նաև Երևանում կայանալիք մրցաշարի մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։
ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ևս ողջունել է մրցաշարի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և կազմակերպիչներին․ «Հայաստանը ձեզ սիրով ընդունում է։ Բոլորս հույս ունենք, որ այս մրցումներում պետք է հաղթի ուժեղագույնը։ Բարի ընթացք»։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն և Թենիս Եվրոպայի զարգացման կոմիտեի անդամ Գևորգ Կարամանուկյանն էլ ընդգծել է մրցաշարի կարևորությունը․ «Սա շատ խոշոր պատանեկան մրցաշար է, որն առաջին, բայց վստահ եմ՝ ոչ վերջին անգամ է անցկացվում Հայաստանում և շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Բոլոր մասնակիցներին հաջողություն են մաղթում։ Բարի գալուստ Հայաստան»։
Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ Միքայել Ավանեսյան, Դավիթ Պողոսյան, Հովհաննես Սողոյան:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-29-ն «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է:
Եվրոպական ամառային գավաթի B, C և D գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը կանցկացվեն համապատասխանաբար Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման 4 շրջանների հաղթող թիմերը հուլիսի 1-3-ը իսպանական Վալենսիա քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին: