Հայաստանի աշխատաշուկայում շարունակվում են ռեկորդային ցուցանիշները: Այս տարվա մայիսին արձանագրվել է ամենաբարձր թիվը՝ 673.224 աշխատատեղ՝ 237.745 դրամ միջին աշխատավարձով: Համեմատության համար՝ աշխատատեղերի թիվը 6 տոկոսով ավելի է նախորդ տարվա մայիսի, 12.6 տոկոսով՝ 2020-ի, 12 տոկոսով՝ 2019-ի և 22.9 տոկոսով՝ 2018-ի մայիսի ցուցանիշից:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Բնականաբար, արտաքին գործոնը այստեղ մեծ կապ ունի, որովհետև կա որոշակի առումով ռեզիդենտ արդեն գրանցվելու ցանկություն ունեցող ռուսների հոսք, որոնք և՛ իրավաբանական անձանց գրանցումների տեսանկյունից, և՛, բնականաբար, ֆիզիկական անձանց գրանցումների տեսանկյունից ապահովել են այդ հոսքը: Մյուս տեսանկյունից եթե դիտարկենք այս հարցադրումը, պետք է նայել զուտ հարկային վարչարարության և ստվերից դուրս եկող աշխատատեղերի գրանցման տեսանկյունից:
Ամենաշատ աշխատատեղերը Հայաստանում առևտրի, կրթության, արդյունաբերության, առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում են:
Վիլեն Խաչատրյան - Կան ոլորտներ, որ իրականում աշխատուժի ներգրավման մագնիս են հանդիսանում, դրանք են՝ տեղեկատվական ոլորտը, սպասարկման ոլորտը, շինարարության ոլորտը և հանրային սննդի կազմակերպման և, ընդհանրապես, այդ սննդային կամ ռեստորանային ծառայությունների ոլորտները:
Բացի աշխատատեղերից, Հայաստանում ավելանում են նաև բացվող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի քանակը, ինչին նաև նպաստել է վերջին ամիսներին Ռուսաստանից բիզնեսների հոսքը: Ապրիլին 2865 անհատ ձեռնարկատեր և 1292 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն են գրանցվել: Նախորդ տարվա ապրիլին գրանցված անհատ ձեռնարկատերերի համեմատ թիվն աճել է 39.4, իսկ ՍՊԸ-ների քանակը՝ ավելի քան 2 անգամ:
Վիլեն Խաչատրյան - Ինչ վերաբերում է ընդհանուր կազմակերպությունների վիճակագրությանը, եթե համեմատում ենք, օրինակ՝ նույն 2021 թվականի ապրիլի ցուցանիշները, եղել է 54 հազար կազմակերպություն՝ մի քիչ ավելի, իսկ 2022 թվականի ապրիլին դրանց թիվը կազմել է 59 հազար, այսինքն՝ սա փաստում է այն մասին, որ մոտ 5000-ով կազմակերպություններն աճել են, այստեղ, իհարկե, ԱՁ-ների վիճակագրությունը բացակայում է, և կազմակերպությունները զուտ այդ առումով եմ վերցնում:
Մասնագետների կարծիքով՝ եթե հաշվի առնենք, որ սովորաբար տարեվերջին աշխատատեղերի թիվն ավելի բարձր է լինում, քան տարվա կեսին, պետք է նոր ռեկորդի սպասել: Իսկ նոր ընկերությունների գրանցման դինամիկան առաջիկայում որոշակիորեն կդանդաղի, քանի որ հիմնական հոսքը արդեն տեղի է ունեցել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան