Էդուարդ Թումաղայան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Նայեք՝ մտնում ենք իրանց սայթը, արդեն տալիս ա երկրների ցանկը ու կողքը նշում` որ երկրում քանի մարմնավաճառ կա: Հայաստանում 562 մարմնավաճառ էս պահին:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Էդուարդ Թումաղայանը ցույց է տալիս այն կայքը, որի միջոցով արդեն տևական ժամանակ Հայաստան սլավոնական ծագման մարմնավաճառներ են բերվում: Կայքում նաև նշվում է, թե մարմնավաճառները ինչ ծառայությունների են մատուցում ու ինչ գնով: Քննչական կոմիտեն պարզել է, որ գործող հանցավոր սխեմայով՝ կազմակերպված խմբերը այդ կանանց պոռնկությամբ զբաղվելը կազմակերպում են ոչ թե հյուրանոցներում, այլ քաղաքի տարբեր հատվածների բազմաբնակարան շենքերում:
Էդուարդ Թումաղայան - էս պահին քրեական գործով ունենք անցնող 3 մեղադրյալ, որոնց գործառույթը եղել է բնակարանների տրամադրումը:
Ունենալով ակնհայտ տվյալներ, որ այդ կայքը զբաղվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելով և աջակցում է դրսում գործունեություն ծավալող անձանց, գլխավոր դատախազությունը ինտերնետային հասանելիություն ապահովող հայաստանյան օպերատորներին ներկայացրել է միջնորդագրեր, ինչի արդյունքում մեր երկրում հունիսի 1-ից կսահմանափակվի կայքերի մուտքը: Քննչական կոմիտեն մինչև այս պահը նույնականացրել է այդ ճանապարհով պոռնկությամբ զբաղվող 20 անձի, նրանք արդեն լքել են Հայաստանը: Բոլոր հանցավոր խմբերը գրեթե նույն մեխանիզմով են աշխատել:
Էդուարդ Թումաղայան - Իրանք չեն խաբում, նկարագրում են, որ էսկորտ տուր է, դուք մեկնելու եք Երևան ու մարմնավաճառությամբ եք զբաղվելու, տալիս են գնացուցակ: Ապահովում են ճանապարհածախսը և կացությունը, և մարմնավաճառները աշխատում են գումար ու 50-50 բաժանում են ու կեսը ուղարկում են ղեկավարին, որին ասում են մենեջեր:
Խուզարկությունների արդյունքում քննչական կոմիտեն մենեջերներին փոխանցելու համար նախատեսված գումար է հայտնաբերել և առգրավել:
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործերից մեկով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը 40-ամյա տղամարդ է:
Էդուարդ Թումաղայան - Ստացվեցին տվյալներ, որ Տեցի կրուգ կոչվող հատվածում գործունեություն ծավալող մարմնավաճառները հիմնականում օգտվում են նույն հյուրանոցային համալիրների ծառայություններից և իրենց հաճախորդներին էլ հենց ասում են, որ գնանք կոնկրետ այս հյուրանոցային համալիր, և այդ տվյալները իրացվեցին, կատարվեցին խուզարկություններ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երկու հյուրանոցում ու հյուրանոցներից մեկում խուզարկության ընթացքում հայտնաբերվեցին շուրջ 10 մարմնավաճառներ իրենց հաճախորդների հետ:
Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը, աշխատելով Երևանում գործող հյուրատանը և տեղյակ լինելով մի շարք անձանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու մասին, 2021 թվականի հունիսին հյուրանոցային համարները տրամադրել է նրանց:
Էդուարդ Թումաղայան - Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հյուրանոցային համարներից մեկի փաստացի ղեկավար անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան առաջադրվել է մեղադրանք, և արդեն քրեական գործը անջատվել է մայր քրեական գործից, և մասը ուղարկվել է դատարան:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Տեցի կրուգ կոչվող տարածքում մի խումբ անձինք թրաֆիքինգի են ենթարկել մարմնավաճառներին: Ի դեպ, 2020 թ. Հայաստանում գրանցվել է պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու 3, իսկ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 6 դեպք:
Նախորդ տարի գրանցվել էր ներգրավելու 1, նպաստելու 11 դեպք: