ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ. ՋՈԱՆԵ
Հյուսիսատլանտյան դաշինքի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
«Կողմերը կունենան զգալի կորուստներ, կգերիշխի հրետանին, երկու երկրի զորքերը հերթով առաջխաղացում կգրանցեն, սակայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի ուժերը բավարար չեն, որպեսզի նրանցից մեկը վճռական հաղթանակ տանի մարտի դաշտում»,- կարծիք է հայտնել Միրչա Ջոանեն։
Անդրադառնալով հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նա նշել է, որ Դաշինքի անդամները կքննարկեն արևելյան թևում կառույցի ներկայության ամրապնդումը, զգալի ուշադրություն կդարձվի սևծովյան տարածաշրջանին։
Ջոանեն հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա կլինի Վոլոդիմիր Զելենսկին։
Առաջին անգամ գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի առաջնորդները։
ԿԻԵՎԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԿՈՒԼԵԲԱ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան չի բացառել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում կարող է քննարկվել երկրի՝ մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած սահմանների հաստատման հարցը։ Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության հասնելու տարբերակները պետք է քննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։
«Կիևը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը»,- ընդգծել է Կուլեբան։
Դիվանագետը միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ռուսական կողմն ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ Արևմուտքի զենքը բավարար չեն նույնիսկ Դոնբասում ճակատն ամրապնդելու համար։
Պաշտպանության նախարարի խոսքով էլ՝ Կիևը արևմտյան գործընկերներից ակնկալում է ժամանակակից ինքնաթիռներ և տանկեր, սակայն այդ հարցով որևէ որոշում դեռ չի կայացվել։ Ալեքսի Ռեզնիկովը հայտնել է նաև, որ ուկրաինական նավատորմը կհզորացվի, Կիևը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ կստանա։
ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Եվրամիության դիվանագիտության ղեկավարն Իրանում է: Ժոզեպ Բորելի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման առանցքային թեման եղել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների ճակատագիրը:
Վիեննայում 11 ամիս տևած բանակցությունները դադարեցվել են մարտին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների պատճառով: Իրանը Վաշինգտոնից պահանջում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Բորելի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մի քանի օրվա ընթացքում վերսկսել միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը։
Այցի շրջանակում Բորելը հանդիպումներ կունենա նաև իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ՎՐԱՍՏԱՆԻ ՍԴ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ
Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու:
Դատարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հստակեցնել Վրաստանի նախագահի և կառավարության լիազորությունների շրջանակը:
Վրաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան էր դիմել հունիսի 7-ին: Պատճառը իրավական անորոշությունն էր, որը ծագել էր այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մի շարք երկրներում կառավարության առաջարկած դեսպաններ նշանակել։
Կառավարությունը նշում է, որ դեսպանի թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է։ Իսկ նախագահը խորհրդանշական կերպար է և օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու ուժով։